Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/189

Այս էջը հաստատված է

ներողություն խնդրելով, բարձրացրի նստարանի կռնակը, վեր ելա և պառկեցի։

Օրը դեռ ցերեկ էր։ Գնացքն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ, ահագին դղրդոցով և հարվածներով, ամենայն բարեխղճությամբ պահպանելով ռուսական երկաթուղիների սրբազան ավանդությունը — երբեք չշտապել և երբեք հանգիստ չթողնել ճամփորդների ոսկորները․

Չանցավ քառորդ ժամ, իմ ուղեկիցներն արդեն բավական ընտելացել էին իրարու։

Առաջին խոսողը դարձյալ Արկադիյ Մարկովիչ Ալթոլնվն եղավ։ Նա գանգատվեց։

— Կա՞ արդյոք աշխարհի երեսին ավելի ձանձրալի ճամփորդություն, քան մերը։ Գնացքն ընթանում է, ինչպես Բորչալուի ճռճռան սայլ, իսկ փառաբանված կովկասյան բնությունը ձեր աչքի առջևն է։ Նայեցեք, դաշտերն ու ձորերը չորացած, լեռները մոխրագույն, մռայլ։ Անկյուն չկա, ուր հանգստանա գեղասեր ճամփորդի հայացքր։ Բայց որ ամենագլխավորն է, գնացքները բուֆետ չունեն, իսկ կայարանների բուֆետներում մի բան ուտել կամ խմել չի կարելի, այնքան կեղտոտ են։ Սակայն ոչինչ, չկա անախորժ դրություն, որ իր ելքը չունենա։

Այս ասելով, նա բարձրացավ, վերցրեց վերին ցանցի վրայից մի գեղեցիկ զամբյուղ, բաց արավ և նրա միջից դուրս բերեց մի քանի շշեր և զանազան ուտելիքներ։

Ես ոչ ախորժակ ունեի և ոչ ցանկություն ջենտլմենի սեղանին մասնակցելու, ուստի ինձ քնած ձևացրի։ Նիհար ու երկայնահասակ սպան, որի անունը Եվան Միրոնովիչ Պաստուխով էր, ինչ-որ մրթմրթաց իր քթի տակ։ Իսկ նրա ընկերոջ՝ Իլարյոն Սիրաֆիմովիչ Տարաշչենկոյի, լայն ու կարմիր երեսն ավելի լայնացավ և փայլեց ներքին հաճույքից։

— Ինչո՞ւ չէ, կարելի է,— ընդունեց նա Ալթունովի հրավերը, իր տեղը շտկելով և ընչացքը շփելով կարճ ու հաստլիկ մատներով։

— Կոնյակը Մարտենի է, բարձրագույն մարկայի,— շարունակեց Ալթունովը, ուտելեղենները տեղավորելով լուսամուտի առջևի ծալովի սեղանիկի վրա։— Ասում են