եք, բարեհաճեցեք գալ իմ դղյակը, ես ձեզ ցույց կտամ սպանված առյուծների մորթիները։
Ալթունովը ճիշտ այդպես էլ ասաց՝ «դղյակ»։
— Թողնենք պատմությունը, մեր ժամանակներից խոսենք,— գոչեց Պաստուխովը մի փոքր գրգռված, գուցե այն պատճառով, որ իր պապը թագավորների հետ որսի չի գնացել,— ես կկամենայի գիտնալ՝ այժմ դուք ձեզ ի՞նչ եք զգում, հայ, թե՞ ռուս։
— Ես ինձ զգում եմ ծագումով հայ Գրիգորյան-լուսավորչական,— պատասխանեց Ալթունովն անմիջապես,— իսկ ազգով ռուս։
— Այդ ինչպե՞ս, ես չհասկացա։
— Ուզում եմ ասել, որ ես հայ-լուսավորչական ռուս եմ, ուղղափառ...
— Շատ լավ, դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ նացիոնալիստ։
— Ի՞նչ, հեղափոխակա՞ն,— գոչեց Ալթունովը միանգամայն վշտացած,— պորուչիկ, ի՞նչ եմ արել ձեզ, որ ինձ վիրավորում եք։
— Ուրեմն նացիոնալիստ եք։
— Ոչ պարոն պորուչիկ, ես միապետական եմ,— գոչեց Ալթունովը, ձեռը ջերմեռանդորեն կրձքին զարկելով։— Ես պատրաստ եմ առաջին պահանջված դեպքում կյանքս զոհել գահի և կայսեր համար։
— Այդպես էլ հարկավոր է,— խրախուսեց նրան Պաստուխովը և մի մեծ կտոր խավիար դրեց բերանը։
— Իմ կարծիքով, բոլոր ազգերը հավասար են,— ասաց Տարաշչենկոն ։
— Ոչ, կապիտան, այդպես չէ,— ժխտեց Պաստուխովը,— նորեն գրգռվելով,— ով Ռուսիայի սահմաններում է ապրում, պարտավոր է իրան ռուս համարել, ռուս զգալ ու մտածել ինչպես իսկական ռուս։ Եթե այդպես չլինի, հայրենիքը կարող է կործանվել։
— Այդ բոլորովին ճիշտ է,— գոչեց Ալթունովը,— թայց չկարծեք, պարոննե՛ր, որ ես բախտ չունենալով զորքին ծառայելու, երկչոտ եմ կամ անընդունակ զենք գործածելու։