Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/195

Այս էջը հաստատված է

— Կամաց, պորուչիկ, մի՛ տաքանար զուր տեղը,— ասաց Տարաշչենկոն, որի գինու բաժակը Պաստուխովի շարժումից ընկավ ձեռքից։

— Եվ ջարդեցի,— շարունակեց Ալթունովը,— ուրիշ կերպ չէի կարող անել։ Ինչ ուզում են թող ասեն, բայց երբ իմ հայրենասիրական զգացումը վիրավորում են, խելքս կորցնում եմ։ Դուք չգիտեք ես ինչեր եմ կրել ռուս-յապոնական պատերազմի օրերին։

Օօ՜ , քանի-քանիսի հետէ վիճել ու կռվել, քանի-քանի անգամ է մենության մեջ մատները կատաղությունից կրծոտել։ Ցուսիմայի և Մուկդենի պարտությունները մի-մի անբուժելի վերք են բաց արել նրա պատրիոտ սրտի վրա։ Օօ՜, նա չի հանգստանալ, մինչև որ հայրենիքի ռազմական վարկը չվերականգնվի, մինչև որ մի սոսկալի վրեժ չառնվի այդ արհամարհելի մակակներից, այդ ճիպռոտ կապիկներից:

— Այդ մասին չխոսենք,— խստորեն ընդհատեց Պաստուխովը, կուրծքն ուռցնելով և նայելով իր հրացանին։

— Այո, չխոսենք, այլ գործենք, գործենք,—— համաձայնվեց Ալթունովը։

Շուտով գինու շշերը մեկը մյուսի հետևից դատարկվեցին և լուսամուտից դուրս թռան։

Խոսակցության նյութը փոխվեց։ Ալթունովը պատերազմից անցավ դեպի խաղաղ կյանքը Ռուսիայի։ Պարզվեց, որ նա մայրաքաղաքի լրագրներով է հետևում ներքին և արտաքին քաղաքականություններին։ Նա թունդ խոսքերով հեղափոխականներին հայհոյեց, պետական դուման ծաղրեց, հարձակվեց ուսանողության վրա, որ ուսում ստանալու փոխարեն պոլիտիկով են զբաղվում, ապտակեց ազատամիտ պրոֆեսորներին: Հետո սկսեց հայհոյել նախ հրեաներին, ապա լեհացիներին, այնուհետև ֆինլանդացիներին։

Եվ հանկարծ գոչեց.

— Պարոննե՛ր, ես ուզում եմ ձեզ հետ «բռուտերշաֆթ» խմել, ի՞նչ կասեք։

— Պատրաստ եմ,— գոչեց Տարաշչենկոն։

— Կարելի է,— սառն արտասանեց Պաստուխովը։

Այս երջանիկ բարեկամական համբույրը դրոշմվեց այն