Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/196

Այս էջը հաստատված է

վայրկյանին, երբ գնացքը կանգ առավ սոսկալի դղրդյունով։ Վագոնների ընդհարումից համբուրվողները դիպան իրար, ապա բաժանվեցին, մեկ էլ դիպան, նորեն բաժանվեցին և ընկան՝ Ալթունովը մեկ, Պաստուխովը մյուս նստարանի վրա։

Տարաշչենկոն ծիծաղից թուլացավ։ Ձեռքերը դնելով կլորիկ փորի վրա, նա շնչասպառ մի քանի անգամ կրկնեց.

— Ահ, մեռա, ահ, մեռա, տեր աստված։

Պաստուխովը մի քանի վայրկյան ապշած նայեց դիմացինի կրծքին, ապա հանկարծ կատաղեց և մի քանի շատ կտրուկ հիշոցներ ուղարկեց մեքենավարի հասցեին։

— Ինձ թվում է, պարոն պորուչիկ, որ այդ լավ նշան էր,— ասաց Ալթունովը, թաշկինակով սրբելով շապիկի կուրծքը, որ թրջել էր գինով,— ասել է, մենք կբաժանվենք իրարուց և նորեն կհանդիպենք։ Այսպես, թե այնպես, թույլ տվեք, պարոններ, հայտնել իմ անկեղծ գոհունակությունը ձեզ հետ ծանոթանալուս համար։ Չգայիք դուք, ով գիտե ձեր տեղերը պիտի բռնեին ինչ-որ հոտած հայեր կամ թուրքեր, որոնց, ի միջի այլոց ասած, ես արհամարհում եմ։ Ինչպե՞ս, դուք արդեն պատրաստվում եք իջնելո՞ւ։

— Այո, արդեն հասել ենք մեր կայարանը,— ասաց Տարաշչենկոն, հրացանը վերցնելով։

— Գնաք բարով, խնդրեմ վատ հիշատակ չտանեք իմ մասին։

— Օօ՜, ոչ, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք,— ասաց Տարաշչենկոն։

— Միայն մի բան ասեմ,— ավելացրեց Պաստուխովը, — Ուդելնոյի Վեդոմստվոյի կառավարիչը ձեզ խաբել է, գինին տասնհինգ տարվա չէր, նույնիսկ հինգ տարվա չէր...

Սպաները դուրս եկան վագոնից, Պաստուխովը խրոխտ քայլերով, Տարաշչենկոն երերվելով։

Մինչ Ալթունովը զբաղված էր ուտելիքների և ըմպելիքների մնացորդը զամբյուղի մեջ ժողովելով, ես գլուխս դուրս բերեցի լուսամատով, որ կարդամ կայարանի անունը։ Սպաներն անցան լուսամուտի տակով, հաղորդելով միմյանց իրենց տպավորությունները Ալթունովից։

— Բարի մարդ է,— լսեցի Տարաշչենկոյի ձայնը։