Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/198

Այս էջը հաստատված է

Հագած էր սև ատլասյա արխալուղ, վրեն կարճ պիջակ, ոտքերին երկայնավիզ կոշիկներ: Գլխին դրած էր Բուխարայի մորթուց կարած փոքրիկ գդակ։

Մյուսը ծեր էր, դեմքը խոշոր կնճիռներով ծածկված, թեև ընչացքը ներկած էր և ծայրերը խնամքով սանրած։ Նա հագած էր երկայն չուխա լայն փեշերով, ուսերի վրա չուխայից կարճ մոխրագույն վերարկու պղնձյա ոսկեփայլ կոճակներով։

Ես նորեն բարձրացա իմ տեղը, որպեսզի չխանգարեմ նորեկներին միմյանց քով տեղավորվելու վարի նստարանի վրա։

Ալթունովը կարողացավ հարմար վայրկյան որսալ ականջիս շշնջալու.

— Ահա մի զույգ ևս ցանկալի հյուրեր — ինչ ասել կուզե։ Չէ, ես էլ պիտի պառկեմ քնելու, եթե միայն կարելի է քնել դրանց գարշահոտության մեջ։

Ներս մտավ կոնդուկտորը կուպեի մոմը վառելու։

— Ինչո՞ւ այդպես ուշ,— դիտողություն արավ Ալթունովը, թեև ուշ չէր,— կարծեմ կարող եք ձեր պարտականությունը ժամանակին կատարել։

Կոնդուկտորը, որ կանգնած էր նստարանի վրա, վառ լուցկին ձեռին, նայեց վերից վար մի տեսակ արհամարհանքով և ասաց.

— Ես չգիտեի, որ դուք այստեղ եք։

Նրա հեգնական տոնը Ալթունովի ինքնասիրությունը վիրավորեց։ Ուղեկիցս ձեռքերը դնելով պանթալոնի գրպանները և գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.

— Կոնդուկտոր, բարեհաճեցեք մարդկանց ճանաչել և համապատասխան տոնով խոսել նրանց հետ։

— Ճանաչում եմ,— պատասխանեց կոնդուկտորը, առանց երեսը Ալթունովին դարձնելու,— առաջին անգամը չէ, որ ձեզ նման ճամփորդ եմ տեսնում։

— Կոնդուկտո՛ր, քաղաքավարի եղեք։

— Համենայն դեպս ձեզնից չպիտի սովորեմ քաղաքավարություն։

Ալթունովը բորբոքվեց։

— Լսում ե՞ք, լսում ե՞ք,— դարձավ նա թուրքերեն ահա այդպես են այդ գռեհիկները, միշտ կոպիտ։ Ես հենց