Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/201

Այս էջը հաստատված է

— Դուք էլ վերջին անկարգություններից վնաս կրեցի՞ք Վրաստանում,— խոսեց վերջապես Ալլահյար-բեդ Մյուլքադարովը, ուսերը վեր քաշելով, որպեսզի վերարկուն չընկնի։

— Ինչպես չէ, ինչպես չէ,— գոչեց Ալթունովը,— բոլոր անտառներս այրեցին կամ կտրատեցին, այնպես, որ այժմս ես չգիտեմ կալվածք ունեմ, թե՞ ոչ։ Իսկ դուք, երևի, նույնպե, վնասվել եք,— շտապեց,— հարցնել։

— Տունը քանդվի տունս քանդողների,— հառաչեց Ալլահյար-բեգը։

— Ո՞վքեր էին:

— Ձեր հայերը։

— Հայ-թուրքական ընդհարումների Ժամանա՞կ։

— Հենց այդ անիծյալ տարին։ Նրանք սրիկաների և գլուխ կտրողների փոխարեն ինձ պատմեցին։ Այրեցին տներս, գոմերս, ամբարանոցներս, թալանեցին գույքս... Հարյուր հազար ռուբլու վնաս հասցրին ինձ...

Կարծես Ալթունովն իսկ և իսկ մի այդպիսի առիթի էր սպասում, որ լիովին արտահայտվե: Անմիջապես բորբոքվեց, կարմրեց ու սկսեց կատաղի խոսքերով պարսավել այդ ընդհարումները։ Նա ասաց, թե Կովկասի «հերոսական պատմության մեջ 1905 թվականը» կբռնե մի շատ ամոթալի էջ, նա պնդեց, թե դա մի սոսկալի վայրենություն էր, որ կատարվեց, մի խայտառակ եղբայրասպանություն, որի համար պիտի ամաչեն ապագա սերունդները և այլն, և այլն, և այլն...

— Բայց, լսեցե՛ք,— շարունակեց նա,— ես ինքս թեև ծագումով հայ եմ, սակայն ճշմարտությունը ամենից ավելի եմ սիրում, մեղավորները հայերն են, այո՛, հայերը։

— Դուք էլ եք մեղավոր, մենք էլ,— ուղղեց երիտասարդ բեգը, ձեռը տանելով արխալուղի տակ, որ մեջքը քորե։

— Ո՛չ, ոչ, դուք մեղավոր չեք, ոչ։

— Ինձ թվում է, որ մեղավորը Շեյթանն է,— ուղղեց ծերունի բեգը, կամենալով փրկել հայրենակցիս ազգայնական ինքնասիրությունը, որ պատրաստ էր անդունդը գլորվել։

— Շեյթանն ինքնըստինքյան,— համառեց Ալթունովը,— բայց ես էլի պնդում եմ, որ հայերն են մեղավոր, պետք է արդարասեր լինել, ինչ անենք, որ ես ծագումով հայ եմ, ճշմարտությունն