ենք եկեղեցի ու երեսներս խաչակնքում, երբեմն էլ նշխարք վերցնում, ուտում ենք։
— Դուք թուրք բարեկամներ ունի՞ք,— ընդհատեց Ալլահյար-բեգը Ալթունովի բարեկամական զգացմունքների զեղումը, կանխապես կոկորդը մաքրելով և թքելով հատակի վրա։
Իհարկե, ունե, այդ ի՞նչ հարց է։ Կովկասի բոլոր խաներն ու նշանավոր բեգերը Ալթունովի մտերիմ բարեկամներն են։ Դեռ երեկ նա Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում շամպանիայով և երաժշտությամբ ճաշում էր իշխաններ Ուցմիևի և Աղալարովի հետ։ Նա իր ժամանակի մեծ մասը թուրք արիստոկրատների հետ է անցկացնում։
— Գիտեք,— ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով,— ես հայերի ու ռուսների հետ չեմ սիրում նստել, վեր կենալ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Ռահիմ-բեգը, նույնպես թքելով հատակի վրա և ոտով սրբելով։
— Հենց այնպես, ինքս էլ չգիտեմ, երևի իմ պապերի երակներում թուրքի արյուն է եղել։
— Ճշմարիտ, ձեր ազգանունն էլ կարծես թուրքի է, Ալթանով,— նկատեց Ալլահյար-բեգը։
— Կարծեմ, իսկապես թուրք էլ եղել է իմ պապի հայրը։
— Դուք վրացիների հետ լա՞վ եք,— հետաքրքրվեց Ռահիմ-բեգը։
— Ի՞նչ, ո՞ւմ հետ,— հարցրեց Ալթունովը, իբր թե չհասկանալով դիմացինի հարցը։
— Վրացիների...
Ալթունովը բարձրաձայն հեգնորեն ծիծաղեց։
— Արհամարհո՞ւմ եք նրանց։
— Իհարկե։
— Ինչո՞ւ։
— Թողնենք։
— Ո՛չ, ոչ, հետաքրքրական է,— համառեց երիտասարդ բեգը,— որովհետև ես էլ մի քանի վրացի ծանոթներ ունեմ։
— Գիտեք, ես վրաց ազգի մասին խոսք չունեմ։ Շատ համակրելի, ազնիվ, մաքուր ազգ է, հյուրասեր, աշխատասեր։
Ուրեմն, ո՞ւմն եք արհամարհում։
— Ազնվականներին։