Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/204

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ։

— Գոռոզ են, ամբարտավան և ծույլ։ Բացի դրանից, շատ մեծ կարծիք ունեն իրենց գեղեցկության մասին։ Երևակայեցեք, ի՞նչ հանդգնություն, նրանք իրենց թուրքերից ավելի գեղեցիկ են համարում։

— Շարունակեցեք, էլ ո՞ւմ եք արհամարհում։

— Ինտելիգենցիային։ Վրաց ինտելիգենցիային, օօ՜, անտանելի է, շովինիստ, մեծախոս, կռվարար։

— Իսկ նրանց օֆիցերնե՞րը, չինովնիկնե՞րը։

— Նրանք էլ իսկի մի բանի նման չեն, օֆիցերները՝ սկանդալիստ, չինովնիկները՝ արբեցող։

— Ուսանողնե՞րը։

— Չեմ ճանաչում, բայց պետք է, որ նրանք էլ մի բանի պիտանի չլինեն։

— Արհեստավորնե՞րը։

— ճանաչում եմ, չգիտեն իրենց արհեստը, խաբեբաներ են։

— Կանա՞յք։ Գեղեցի՞կ են, չէ՞։

— Հաա՜, դրա մասին խոսք չունեմ։ Շատ շատերի հետ եմ բարեկամ։ Բայց այն էլ ասեմ, որ եթե վաղը, մյուս օրը թուրք կանայք իրանց չադրան դեն գցեն, վրացուհիների աստղը կխավարե․․․

— Դուք գյուղացիների մասին ոչինչ չասացիք, չէ՞ որ կալվածատեր եք, հետաքրքրականը այդ է ձեզ համար,— հարցրեց Ալլահյար-բեգը։

— Ես դիտմամբ չասացի,— գոչեց Ալթունովը, նորեն գրգռվելով,— որովհետև արյունս պղտորվում է, երբ հիշում եմ վրացի գյուղացիներին։ Այդ տեսակ ըմբոստ տարր աշխարհի ոչ մի կողմում չեք գտնիլ։ Նրանք չե՞ն, որ անտառները կտրատեցին ու այրեցին։ Ատում եմ ամբողջ հոգովս։

— Ուրեմն, ոչ ոքի չեք սիրում վրացիների մեջ,— նկատեց Ռահիմ-բեգը։

— Ասացի, որ վրաց ազգը սիրում եմ։

— Բայց...— ուզում էի ես միջամտել, սակայն բարվոք համարեցի լռել, թողնելով, որ հայրենակիցս իր սայլը քշի մինչև վերջը։