Բարեբախտաբար գնացքը հասավ Եվլախ կայարան, ապա թե ոչ համոզված էի, որ Ալթունովը շատ պիտի առաջանար և, պարսավելով աջ ու ձախ բոլորին, դեպի թուրքերն ունեցած իր սիրո ու պաշտամունքի շտեմարանն սպառեր մինչև վերջը։
Բեգերն իրենց նոր բարեկամից բաժանվեցին շատ սիրալիր։
Ռահիմ-բեգը մինչև անգամ հրավիրեց նրան իր կալվածքը հյուր և խոստացավ նրան մի սիրուն նժույգ նվիրել։
— Միայն ոչ այժմ, աշնանը մեզ մոտ ճանապարհները անանցանելի են, եկեք գարնանը կամ ավելի լավ է ամառվա վերջերին,— զգուշացրեց Ալլահյար-բեգը. ավելի քան կես տարով հետաձգելով Ռահիմ-բեգի հյուրընկալությունը։
— Շատ շնորհակալ եմ,— ասաց Ալթունովը, ըստ երևույթին, լավ ըմբռնելով այդ տեսակ հրավերների իսկական արժեքը։— Իսկ եթե դուք էլ բարեհաճեք այցելել իմ համեստ կալվածքը անտառներս կարգի բերելուց և տներս վերաշինելուց հետո, երջանիկ կլինեմ ձեզ հետ որսի գնալու։ Իմ անտառներում մեծ քանակությամբ փասյաններ և թուրաջներ կան։
Թուրքերը դուրս ելան։
Դարձյալ լուսամուտից նայեցի, այս անգամ ուղղակի հետաքրքրվելով, թե ինչ պիտի խոսեն իմ հայրենակցի մասին։
— Ի՞նչ կասես, Ալլահյար-բեգ,— լսեցի երիտասարդ Բեքիխանովի հարցը։
— Թամիզ մարդու նման չէ,— պատասխանեց Ալլահյար-բեգ Մյուլքադարովը,— ես նրա ոչ մի խոսքին չհավատացի։
— Ես էլ։
Անմիջապես ցած իջա իմ տեղից, որպեսզի Ալթունովն իմանա, որ քնած չէի և ամեն բան լսում էի ու տեսնում։
Բայց նա բնավ չշփոթվեց։
— Տեսա՞ք,— դարձավ նա ինձ, տակավին ոգևորված,— տեսաք ինչպես ոչնչացրի այդ հոտածներին. ֆիդոն, օդեկոլոն էլ չկա մոտս, որ օդը մի քիչ մաքրեմ։
Այո, նա ուղղակի նրանց ավազակներ անվանեց։ Նա ասաց, որ թուրք տարրը մեր երկրի քաղաքակրթության համար