մի մեծ խոչընդոտ է, որ նա գռեհիկ է, ֆանատիկ, հետադեմ, ոչ մայրասեր և այլն, և այլն, և այլն․․․
— Բայց ես ձեր ասածները չլսեցի,— համարձակվեցի նկատել, հազիվ կարողանալով ծիծաղս զսպել։
Ալթունովը, զարմացած ձևանալով, աչքերը լայն բաց արավ և գոչեց.
— Չլսեցի՞ք, անկարելի է, ինչպե՞ս չլսեցիք։
— Այո, չլսեցի։
— Ուրեմն, քնած եք եղել։ Շատ ցավում եմ։ Պետք է տեսնեիք նրանց դեմքերի ապուշ արտահայտությունը, երբ բոլորն ասացի։ Գիտեք, երիտասարդ բեգը համաձայնվեց ինձ հետ։
— Իսկ ծերունի՞ն,— հարցրի ես, թույլ տալով ուղեկցիս ասել՝ ինչ կամենում է։
— Ծերունին կատաղեց։ Նա ձեռը սեղմեց իր դաշույնի դաստակի վրա և գռռաց. «Հայ, լռի՛ր»։
— Ահա ի՜նչ, ուրեմն ընդհարվել եք։
— Ոչ, ծերուհին իսկույն զսպեց իրեն, երբ, հանգիստ ձևով դուրս բերեցի նագանս և դրեցի քովս։
Նա ետ արավ պիջակի կուրծքը և, ցույց տալով ինչ-որ ռևոլվերի կոթ, շարունակեց.
— Օ՜օ, թող միայն փորձեր, ցույց կտայի նրան, թե ինչ ասել է Ալթունով, երբ նրան կատաղեցնում են։
Դրսից լսվող աղմուկն ընդհատեց ուղեկցիս հոխորտանքը, որ, երևի, երկար պիտի շարունակվեր։ Ներս մտավ այն կոնդուկտորը, որի հետ Ալթունովը ընդհարվել էր և որին շուտով պիտի արձակեին պաշտոնից։ Նրա ետևից եկավ մի նոր ճամփորդ, որ ամբողջ կոկորդով գոռում էր․
— Այդ այլանդակություն է, խայտառակություն։ Ոչ մի օրինավոր ճամփորդ չի կարող տանել այդպիսի բաներ։
— Հանգստացեք, իշխա՛ն, դուք առանց տեղի չեք մնալ,— համոզում էր կոնդուկտորը բորբոքված ճամփորդին։
— Չէ՛ ասացեք խնդրեմ, այդ ի՞նչ կարգ ու կանոն է, աա՜, ի՞նչ կարգ ու կանոն,— շարունակեց իշխան կոչվածը, ականջ չդնելով կոնդուկտորին և ձեռքերն ուժգին թափով շարժելով