չեն և ինչ-որ հատկանիշ հոտ ունին. նրանք եվրոպական որ ազգի հետ ասես կարող են մրցել գործածած սապոնի քանակով։
Վերջապես սուտ է, թե նրանք փողասեր են...
— Ներողություն,— ընդհատեց հայրենակցիս ոգևորությունը շիկահեր հրեան,— այդ մեկը սուտ չէ։ Մենք փող սիրում ենք։
— Այո՛, կարելի է, բայց հայերը ձեզանից ավելի փողասեր են։
— Գուցե, ես հայերին լավ չեմ ճանաչում։
— Իսկ ես շատ լավ եմ ճանաչում։
Եվ այսպես մի ամբողջ օր ու երեկո Արկադիյ Մարկովիչ Ալթունովը շոյեց, շողոքորթեց իր ուղեկիցներին։
Մի անգամ երբ նա իջել էր ինչ-որ կայարանում թեյ խմելու, մորուքավոր ու սևահեր հրեան ինձ հարցրեց․
— Ասացեք խնդրեմ, դուք հա՞յ եք։
— Այո։
— Իսկ այդ մա՞րդը։
— Նույնպես հայ է։
— Դուք համաձայն ե՞ք նրա բոլոր գովասանքներին հրեաների վերաբերյալ։
— Ոչ լիովին։
— Ես նույնպես համաձայն չեմ շատ բաների հետ,— ասաց հրեան ժպտալով։
Հասանք վերջապես Ռոստով։
Ալթունովը հրեաների հետ իջավ գնացքից։
Երբ նա ինձ ողջերթ մաղթելով, ձեռս սեղմում էր, ես մի րոպե պահեցի նրան և հարցրի.
— Դուք բոլոր ազգերին գովեցիք, բոլորին էլ պարսավեցիք, ասացեք խնդրեմ, դուք ինքներդ ի՞նչ եք։
— Կոսմոպոլի՛ստ,— պատասխանեց Ալթունովը հանգիստ ու հեռացավ։