ԱԿՈՅԻ ՏՈՆԱԾԱՌԸ
Փոքրիկ, աղքատիկ քաղաքում, ուր տները մի հարկանի են, կտուրները խարխուլ, փողոցներն անսալահատակ, աղտոտ, տուր ցնցոտիներն այնքան սովորական են, որ այլևս ոչ ոքի գութը չեն շարժում, չքավորի համար չքավորությունը շատ էլ զգալի չէ։ Այնտեղ բախտերի մեջ անդունդներ չկան, կա միայն գույների տարբերություն, մեկն ավելի գորշ, քան մյուսը։
Բայց երբ քաղաքը մեծ է, հարուստ, ցերեկները խանութներում ցուցադրված փարթամ ապրանքներն են շլացնում անցորդին, գիշերները՝ կլուբների և թատրոնների էլեկտրական լույսերը, չունևորների ներվերը մերկանում են և սոսկալի ցավով են ընդունում կառքերի դղրդյունն ու օվտոմոբիլների սուլոցները։
Վաղուց էին մերկացել բանվոր Գալուստի ներվերը։ Այն օրից, երբ համոզվել էր, որ մինչև կյանքի վերջը պիտի սալին զարկե ծանր մուրճը, որ ահա տասներկու տարի է օրը տասը ժամ զարկում է և որ այնքան նրա մարմինը չի ավրել, որքան հոգին է քայքայել։
Որպես բանվոր, որի համար հանգստությունն է երկրային բարձր հաճույքը՝ նա սիրում էր հասարակ տոները, երբ նրա հոգնած մարմինը նիրհում էր ընտանեկան հարկի տակ։ Բայց կային տարվա մեջ երկու մեծ տոներ, որոնց նա ատում