Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/219

Այս էջը հաստատված է

ճնշված չէր եղել։ Նա, որ սովորաբար առավոտները գործի գնալիս երգում կամ շվացնում էր գյուղական երգեր։

Ինչպե՞ս, ո՞րտեղից: Եվ որքան մտածում էր, այնքան ելքը դժվարանում էր։ Նա մտավ գործարանի գավիթը, առանց սովորական բարևներ տալու աջ ու ձախ հանդիպող ընկերներին...

Հանկարծ նրա հայացքն ընկավ մեկ բանի վրա։ Նա կանգ առավ մի քանի վայրկյան։ Մի միտք անցավ նրա գլխով և անմիջապես պաշարեց նրա հոգին։ Այնտեղ, գործարանի շրջապատի մոտ կար մի գորշ-դեղնագույն բան, որ փայլում էր արեգակի առավոտյան ճառագայթներից։ Օրն երկու անգամ նա անցնում էր այդ առարկայի մոտով․ ինչո՞ւ միայն այսօր ուշադրություն դարձրեց նրա վրա։

Գալուստը ժպտաց տարօրինակ ժպիտով։ Նրա մռայլ դեմքի վրա փայլեց անսպասելի հուսո նշան։ Նա մտավ արհեստանոց, պատռված չուխան հանեց, մի կողմ ձգեց և վերցրեց մի փութանոց մուրճը։

Ամբողջ օրը նա գործում էր և մտածում․ այն գորշ-դեղնագույն առարկայի մասին, որ երևում էր արհեստանոցի մրոտ լուսամուտից, և որքան շատ էր նայում, այնքան ավելի ու ավելի էր հուզվում։

Նրա հուժկու և հոլանի բազուկները գործում էին առանձին եռանդով, բայց անփույթ, չպահպանելով հարվածների հերթը և ընկերներին խանգարելով։

Ահա, վերջապես, վերջին սուլոցը՝ օրն ավարտված է։

Գալուստը մուրճը դրեց իր սովորական տեղը, սրբեց ճակատը կապտագույն շապկի մրոտ փեշով, չուխան հագավ, սեղմեց գլխին գդակը և արհեստանոցից դուրս եկավ։

Օրն արդեն մթնել էր թեև դեռ վեց ժամն էր։ Գալուստը մի անգամ ևս հիշեց Ակոյի դեմքը, լսեց նրա կեղեքիչ հարցը՝ «էլի՞ չբերեցիր» նրա գլուխը պտտեց։ Այդ երեխան սպասելուց հոգնեց։ Նա կարող է վշտից հիվանդանալ։ Քիչ չեն պատահել նման դեպքեր։ Ակոն կարող է մեռնել, Ակոն չի դիմանալ... Տեր աստված, ազատիր Գալուստին փորձանքից։ Բայց աստված խուլ է աղքատների համար, Գալուստը վաղուց, շատ վաղուց գիտե այդ բանը։ Որ այդպես է, ինչո՞ւ չարհամարհել նրա