Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/22

Այս էջը հաստատված է

չեմ, ես հրեա եմ։ Արեվիռե՛րչի, սինյոր..․ Գնա՛նք, բանաստեղծ։ Չիմբա, չիմբա֊չիլալա՜...

Նա քամու արագությամբ թռավ դուրս։ Չաուշենկոն հետևեց նրան, հաստ գավազանի ծայրն աղմուկով զարկելով փայտյա սանդուղքի աստիճաններին։

Փառք աստծո, այս անգամ Լևոնի մայրը տանը չէր․ գնացել էր շուկա պարեն գնելու։ Լևոնն ասաց, թե Չաուշենկոն ու Իցկո Մարգուլիսն եկել էին խորհրդակցելու իտալական խմբի առաջին երգչուհի Բարբինիի բենեֆիսի մասին: Պատրաստվում են արտաքո կարգի ցույցեր։ Չաուշենկոն մտադիր է բենեֆիսի պատվին նվիրել երգչուհուն մի բանաստեղծություն, որ պետք է թարգմանել իտալերեն:

Ես, Լևոնին փորձելու համար, ասացի.

— Կցանկանայի իմանալ, դուք ի՞նչ գործ ունիք երգչուհիների բենեֆիսների հետ:

— Ինչպե՜ս թե ինչ գործ ունինք,— գոչեց նա զարմացած,— երգչուհիները գեղարվեստին չե՞ն ծառայում։

— Շատ էլ ծառայում են, հետո՞:

— Ամեն մարդ պարտավոր է պատվել գեղարվեստը։

— Գեղարվեստը շռայլություն է։ Նա հարուստների համար է։ Իսկ դու և քո ընկերները աղքատ եք...

— Հարուստներն արտիստներին նվերներ են անում, իսկ մենք՝ ցույցեր․..

Հազիվ մի քանի րոպե խոսել էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը։ Դնելով պարենի զամբյուղը Շեքսպիրի քթի առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա:

— Էլի փողոցային սրիկաները այստեղ էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք։ Մի շաբաթ է՝ գլուխս ցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով։ Պարոն, տեսա՞ք, խոմ տեսա՞ք այս անզգամի ընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդպիսիներից: Փո՜ւչ, փո՜ւչ զավակ...

Երբեմն մայրերը կարող են իրենց հարազատ զավակների թշնամին լինել։ Անշուշտ Լևոնի մայրը սիրում էր որդուն, բայց չէր տեսնում յուր և նրա մեջ եղած վիհը, այն ահագին վիհը, որ չէր կարելի լեցնել ու հարթել անվերջ նախատինքներով։ Մի անգամ այս մասին խոսում էինք մեր