օրենքները, ինչո՞ւ չմեղանչել։ Այո, Գալուստը կանե ինչ որ մի անգամ արդեն վճռել է անել․ թող լինի, ինչ որ լինելու է։
Հասնելով գործարանի շրջապատին, նա քայլերը դանդաղեցրեց։ Թույլ տվեց որ ընկերները հեռանան։ Դարբասի մոտ երկու պահապաններ խուզարկում էին բանվորներին, չլինի թե նրանք գործարանից բան տանեն իրենց հետ։ Այդ կողմից նոր կառավարիչը, որ մի երիտասարդ ինժեներ էր, չափազանց խստապահանջ էր։
Նա ասում էր.
— Ես կարող եմ բանվորին ամեն բան ներել, բացի գողությունից։ Գողի համար ես գութ չունեմ։
Գալուստը մոտեցավ փայլուն առարկային, որ այժմ մի մութ կետ էր առանց ձևի։ Նա մի վճռական շարժումն արավ, թեքվեց և իր ուժեղ ձեռքերով առարկան բարձրացնելով, շրջապատի վրայից ձգեց փողոց։ Ապա նա հանգիստ քայլերով մոտեցավ դարբասին։ Նա վերջինն էր։ Պահապանները նրան սովորաբար չէին խուզարկում։ Տասներկու տարի էր նա աշխատում էր այդ գործարանում, և ոչ ոք նրան չէր կասկածել։ Նա հայտնի էր իր մանկական հեզությամբ և ամոթխածությամբ։
— Գնա՛, Գալո, մենք քեզ ճանաչում ենք,— ասաց պահապաններից մեկը սովորական դարձվածքը, երբ Գալուստը կանգ առավ դարբասի առջև։
Գալոն ցնցվեց այդ խոսքերից և շտապեց դուրս գալ։ Դարբասը փակվեց։ Փողոցում նա սպասեց մինչև որ բանվորների վերջին խումբն անհետացավ։ Նա մոտեցավ այն տեղին, ուր գցել էր առարկան, հանեց չուխան, փաթաթեց նրա մեջ առարկան, վերցրեց կռնատակը ու հեռացավ արագ քայլերով։ Նրա համագյուղացիներից մեկը, գործարանից ոչ հեռու պահում էր մանր ապրանքների խանութ։
Գալոն ուղղակի այնտեղ գնաց։ Բարեբախտաբար խանութում ոչ ոք չկար, բացի խանութպանից։
— Օհո՜, Գալո,— հանդիպեց նրան մանրավաճառը, որ մի զվարթ, կատակասեր մարդ էր, կարմիր այտերով ու հաստ պարանոցով,— ինչպես տեսնում եմ, քեֆդ ներսումդ վառել ես, որ ձյուն-ձմեռ չուխեդ կռնատակդ ես դրել։