Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/223

Այս էջը հաստատված է

փախցրեց։ Երրորդ անգամ նա շտապեց, և նրա մուրճը դիպավ ընկերոջ մուրճին։ Այդ ընդհարումից ընկերը ստացավ զորեղ հարված ու ընկավ գետնի վրա։

— Ի՞նչ արիր, ավանակ, դու հարբած ես,— գոռաց վարպետը։

Առաջին անգամն էր Գալոն լսում այդպիսի բաներ։

— Ես հարբած չեմ,— ասաց նա մուրճի կոթը սեղմելով ձեռքերի մեջ։

— Ուրեմն ցնդվել ես։

— Խելքս գլխիս է, վարպետ։

Բարեբախտաբար, հարվածը վտանգավոր չէր և ստացողը բարի մարդ էր։

— Սաքո՛ւլ,— ասաց Գալոն, տարօրինակ ժպտալով,— մի ուրիշ անգամ դու կզարկես ինձ, երբ իմ օրին կլինես։

— Բայց ի՞նչ է քո օրը, ասա, որ մենք էլ իմանանք։

— Ոչի՛նչ, ոչի՛նչ։

Արտասանելով այս բառը, նա այնպիսի մի զորեղ հարված տվեց շիկացած երկաթին, որ սպիտակ պեծերը մինչև առաստաղ բարձրացան ու ընկան հեռավոր բանվորների վրա։

Մի քանի պեծեր դիպան վարպետի երեսին։

Բարձրացավ ընդհանուր ծիծաղ։

— Գալոն գիշերը տանը չի քնել,— կատակեցին ոմանք։

Վարպետը կատաղեց։

— Դուրս եկ շարքից, դո՛ւրս,— գոռաց նա,— դու կարող ես մարդ սպանել։

Գալոն մուրճը իջեցրեց, հենվեց նրա կոթի վրա արմունկներով, նայեց աջ ու ձախ և ասաց․

— Վարպետ, ես կյանքումս չեմ մտածել մարդասպանության մասին։ Գողության մասին էլ չեմ մտածել։

— Դու հիվանդ ես, գնա տունդ, պառկիր,— ասացին մի քանիսը,— աչքերդ վառվել են կրակի պես։

— Ես հիվանդ չեմ։

Եվ կամեցավ գործը շարունակել, բայց այդ պահին հանկարծ սկսվեց մի իրարանցում։

— Ի՞նչ, ո՞վ, ե՞րբ,— լսվեցին այս ու այն կողմից։

Բոլոր վարպետներն ու բանվորները դադարեցին գործելուց