Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/227

Այս էջը հաստատված է

ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԱՐԴԸ

— Պարոն Բաղդասար, ձեզ համար բացատրելն ավելորդ է։ Դուք լուսամիտ մարդ եք, շատ լավ գիտեք՝ ինչ ասել է աղքատ ուսանողի վիճակ։ Պարոն Բաղդասար, գոհություն աստծու, դուք միլիոնատեր եք։ Տվեք մի աշխատասեր, խելոք, ազնիվ երիատասարդի ուսման վարձը։ Նա լավ ապագա է խոստանում։ Նա կլինի ազգի օգտակար անդամ։ Երդվում եմ կարգովս։

Պարոն Բաղդասարը նստած էր իր շքեղ կաբինետում, որի առաստաղը ծածկված էր յուղաներկով, որի մոդեռն կահ-կարասին Բեռլինից էր բերել տրված և որի պատերի վրա կային մի քանի նշանավոր հայերի պատկերներ։

Պարոն Բաղդասարը նեղն ընկավ։ Նրան խնդրում էին անել այն, ինչ որ երկնային պատիժ էր նրա համար — բանալ քսակը։ Ողորմած աստված, այդ ինչ աներես ազգ է հայ ազգը։ Դեռ մի ամիս չկա՝ նա 25 ռ. ուղարկեց հայուհյաց ընկերությանը, որպեսզի իր անունը տպվի լրագիրներում, և դեռ չի տպվել, ու դարձյալ պահանջում են։ Ո՛չ, երբեք, չի կարող տալ։ Բայց ինչպես մերժել, քանի որ խնդրողը քահանա է։ Չէ՞ որ նա պատարագ անելիս սուրբ սեղանի առաջ կարող է անիծել նրան։

Պարոն Բաղդասարը մտածեց, մտածեց և գտավ ելք։