Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/233

Այս էջը հաստատված է
ՄԱՐՈՒՔԸ ԵՎ ՍԱՐՈՒԿԸ

Այն չէ կարևորը, թե որտեղ է պատահել դեպքը, այլ այն, թե ինչ է պատահել և ինչպես։

Մարուքն ու Սարուկը հարազատ եղբայրներ էին։ Մեկը քսան տարեկան էր, մյուսը՝ տասնյոթ տարեկան։ Մարուքը գրաշար էր տեղական մի տպարանում, Սարուկը գործակատար էր կաշեվաճառքի խանութում։ Երկուսն էլ իրենց այրի մորը պատվում էին, սիրում ու պահպանում հավասար ուժով։ Երկուսն էլ տակավին առողջ էին, կենսախինդ ու զվարթ, այն տարբերությամբ, որ Մարուքը մի փոքր նիհար էր, գուցե իր դաժան արհեստի շնորհիվ։

Կլանելով գրեթե համայն աշխարհի ուշքն ու միտքը, պատերազմը, հարկավ, հետաքրքրեց և Մարուքին ու Սարուկին։ Ամեն երեկո գրաշարը, տուն վերադառնալով, հետը բերում էր որևէ հայ լրագիր, կարդում էր բարձրաձայն մոր ու եղբոր համար և յուրովի բացատրում անհասկանալի կետերը։ Առանձին ոգևորությամբ նա կարդում էր պատերազմի առաջին հերոսների քաջագործությունների մասին։ Այդ միջոցներին նրա ձայնը հաճախ հուզմունքից ընդհատվում էր կոկորդում, սևորակ աչքերը վառվում էին ածուխի պես և մրոտ ձեռքերը դողում էին։

Մայրը կամ հառաչում էր, կամ լալիս. նայելով, թե հերոսն անվտանգ է ազատվել, թե սպանվել է։ Գալով Սարուկին,