Գնացքը պատերազմի դաշտից բերում էր մի քանի տասնյակ ծանր ու թեթև վիրավորներ։ Ֆելդշերն ու գթության քույրերը շտապ-շտապ անցնում էին վագոնից վագոն և տառապող հերոսների ամենաթեթև կարիքը հոգում ամենամեծ եռանդով, չնայելով որ շատերը գրեթե ամբողջ գիշերն անց էին կացրել անքուն։ Ոմանք իրենց հոգու խորքում դժգոհ էին անգամ, որ վիրավորների համեստ պահանջները թույլ չեն տալիս ավելի մեծ եռանդ ցույց տալու։ Նման այն նորադարձ ֆանատիկոսներին, որոնք որքան ևս շատ են աղոթում, դարձյալ գոհ չեն իրենց ջերմեռանդությունից։
Առանձնապես համեստ և անտրտունջ էր մի երիտասարդ սպա Տ...տի զորաբաժնից։ Գրեթե անմորուս, անբեղ մի պատանի ցորենի գույն մազերով, պայծառ դեմքով և կապտագույն աչքերով, որոնց անմեղ արտահայտության մեջ նորատի տիտանի հոգին էր կարդացվում։
Պառկած էր նա վագոնի ներքին նստարաններից մեկի վրա, որին ժամանակավոր մահճակալի հարմարություն էր տրված։ Նրա աջ թևը, ճերմակ փաթաթանի մեջ՝ ընկած էր կրծքի վրա անզոր, որպես գնդակահար ճայ։
Միայն այդ չէր նրա վերքը։ Թշնամու երկրորդ գնդակը ջախջախել էր նրա ձախ ազդրի ոսկորը։ Գթության քույրերի հոգատար հարցերին նա շարունակ պատասխանում էր, թե ցավ բնավ չի զգում, թեև, հարկավ, զգում էր։ Գլուխը թեթևակի