դեպի ձախ ուսը թեքած, նայում էր լուսամատով Կովկասյան լեռներին, որ, մեկը մյուսին հաջորդելով, նրա համար ներկայացնում էին անսովոր, բայց սքանչելի մի կոլեյդոսկոպ։
Երկրորդ անգամ էր նա անցնում այդ ճանապարհը, աոաջին անգամ պատերազմ գնալիս և այժմ։ Բայց գնալիս գիշեր էր, և նա ոչինչ չտեսավ։ Լինելով հյուսիսի լայնատարած դաշտերի ծնունդ, սովոր անսահման լայնության և տափակության, նրա հոգին գրեթե ճնշվում էր, սիրտը սեղմվում երկու շարք վիթխարի բարձունքների նեղուցքի մեջ։ Մերթ ընդ մերթ նրա գունատ դեմքը մեղմիկ ժպտում էր, հոգնած աչքերը հանդարտ փակվում էին, որպեսզի մի-մի րոպե անցած նորից բացվեն ավելի մեծ հաճույքով դիտելու սքանչելի տեսարանները։
Մի տարի էր ընդամենը, որ նա սպա էր։ Ավարտելով զինվորական դպրոցը, անմիջապես մտել էր Տ...տի զորաբաժինը՝ պոդպորուչիկի աստիճանով և ահա այժմ վերադառնում էր պատերազմից իբրև հերոս։
Մինչ նրա մոլոր հայացքը թռչկոտում էր լեռնից-լեռ, միտքը սլացել էր հեռու, շատ հեռու։ Այնտեղ, ուր նա թողել էր մերձավորներին իր սրտի մեծ բաժնի հետ։ Մտածում էր նա իր ծնողների մասին, որոնց երեք որդիներն էլ պատերազմ էին գնացել։ Մտածում էր քույրերի մասին, որոնց ամուսինները նույնպես պատերազմում էին։ Բայց ամենից պարզ, ամենից հրամայողական նրա առջև պատկերանում էր այն էակի կերպարանքը, որի հետ վեց ամիս էր արդեն կապված էր փոխադարձ սիրո կապով։ Պատերազմը քայքայեց նրանց ծրագիրը։ Ստիպված եղան անսահման փափագով սպասված ամուսնությունը հետաձգել անորոշ ժամանակով... Դա նրանց համար անսպասելի մի սյուրպրիզ էր։ Սակայն երկուսն էլ նրան ընդունեցին անտրտունջ։ Քանի որ հայրենիքը զոհ է պահանջում, այն որ տղամարդն է, որ կվախենա այդ զոհաբերությունից։ Եթե նրան չուղարկեին անգամ պատերազմ, նա ինքը ամեն ջանք պիտի գործ դներ, որ ուղարկեն։ Զինվորը հենց նրա համար է զինվոր, որ ինքը փափագե թշնամու դեմ կռվի դուրս գալու...