— Ի՞նչ է պատահել,— հարցրի, կարծելով, որ թաքնվում է ինչ-որ հալածողներից:
Մի քանի վայրկյան չպատասխանեց։ Ես հարցս չկրկնեցի, սկսեցի հագնվել։ Նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս ու հետ եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում, ավելի ամուր սեղմելով մանդոլինան կռան տակ։
— Գիտե՞ք, սինյոր,— ասաց,— կարող է մայրս գալ։
— Ի՞նչ անենք, թո՛ղ գա։
— Ես նրանից եմ փախել։ Ուզում էր մանդոլինաս կոտրեր վառարան գցել։
— Ինչո՞ւ։
— Մինչև չույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ։ Հետո պատմեց, թե երեկ օպերային երաժշտական խմբի բենեֆիսն է եղել։ Ներկայացումից հետո բոլոր երաժիշտները գնացել են հյուրանոց ընթրելու։ Խմբապետը Լևոնին էլ հրավիրել էր: Ընթրիքի միջոցին մեկը վիոլոնչելով նվագել է, ի միջի այլոց, և՛ մի սպանական եղանակ՝ «Մադրիդի շրջմոլիկը»։
— Գլխիցս չէր դուրս գալիս այդ եղանակը։ Ուզում էի անպատճառ սովորել այս գիշեր, որ չմոռանամ։
— Եվ սովորեցի՞ր։
— Այո՛։
— Ինձ համար կնվագե՞ս։
Լևոնի բնավորությունը պարզ էր։ Նա կոտրատվել չգիտեր, ամեն բանի վերաբերվում էր հասարակ։ Ես արդեն մի քանի անգամ լսելի էի նրա նվագումը։ Վատ էր նվագում, թե լավ, չգիտեմ, միայն զգացվում էր և զգացնել տալիս լսողին։
Նա նստեց աթոռի վրա, գրկեց մանդոլինան։ Առավոտյան արեգակի կիտրոնագույն շողերը սփռվել էին ներս։ Լևոնի աչքերն անգիտակցաբար դարձան դեպի այդ շողերը, կարծես ինչ-որ գաղտնի մագնիսի զորությամբ։ Ա՛խ, այդ վեր ուղղված աչքերը, այդ հեզ դեմքը։ Անցել է ընդամենը երկու տարի, բայց կանցնեն շատ տարիներ, դարձյալ այդ օրը վառ կմնա հիշողությանս մեջ։
Ի՞նչ էր Լևոնի նվագածը՝ բացատրել չեմ կարող։ Հիշում