Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/240

Այս էջը հաստատված է

— Այնպես չէ՞, Իրինա,— հարցրեց նա իր սիրեցյալին կատարյալ երեխայական պարզամտությամբ։

Հրաժեշտի նախընթաց երեկոն էր այդ, երբ նրանք վերջին անգամ զբոսնում էին տեղական պարտեզի մի խուլ ճեմելիքում։ Այնտեղ էին նրանք առաջին անգամ խոստովանել իրենց փոխադարձ սերը։

— Իհարկե, այդպես է, Լեոնիդ, իհարկե, այդպես է,— կրկնեց նույն երեխայական պարզամտությամբ Իրինան, շիկահեր գլուխը ամուր սեղմելով նրա կրծքին։

Եվ մի փոքր անցած, նա ավելացրեց։

— Բայց տես, չմոռանաս քո Իրինային։ Ասում են, Կովկասի սևաչյա աղջիկները շատ վտանգավոր են և շատ չար։

— Իրինա՛,— գոչեց Լեոնիդն անկեղծ վրդովմունքով,— դու ինձ վիրավորում ես։ Առաջինը ես երդվել եմ մինչև մահ քեզ հավատարիմ մնալու և կմնամ։ Երկրորդը, Կովկասը վայրենիների երկիր է. այնտեղ կանանց բանեցնում են գրաստի տեղ։ Երևակայում եմ ինչի են նման նրանք։

— Լավ, լավ, սիրելիս, մի՛ նեղանա։ Ես կատակ արի, ես հավատում եմ քեզ, օ՜օ՜, շատ՝ եմ հավատում։

Եվ, մի փոքր լռելով, Իրինան հարցրեց.

— Նամակներ գրելո՞ւ ես։

— Այդ ի՞նչ հիմար հարց է։ Իհարկե գրելու եմ:

— Տես, չմոռանաս։ Գիտցիր, որ եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու եմ։

— Չի ուշանա։

— Երդվիր։

— Երդվում եմ։

— Ինչո՞վ։

— Քո անունով։

— Ոչ, ես ուզում եմ, որ երդվես թրովդ։ Դու նրան ավելի հավատարիմ կմնաս։

— Երդվում եմ թրովս,— գոչեց Լեոնիդը, ձեռքը զարկելով թրի պատյանին։

— Այժմ ապահով եմ, որ կկատարես խոստումդ։

Եվ Լեոնիդը, արդարև, կատարեց իր խոստումը։