Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/242

Այս էջը հաստատված է

ծառաների օգնությամբ խնամքով դուրս բերեց նրան վագոնից ձեռքերի վրա։

Կայարանում ժողովվել էր բավական մեծ բազմություն վիրավորյալներին դիմավորելու համար։ Մի խումբ տիկնայք և օրիորդներ իրենց հետ բերել էին ծաղկյա փնջեր, քաղցրավենիք, մրգեղեն, ծխախոտ։ Միմյանց առաջելով, նրանք շտապեցին իրենց համակրանքը, կարեկցությունը և հիացմունքն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին։ Մի ինչ-որ տիկին, թե օրիորդ Լեոնիդի առողջ ձեռքի մեջ դրեց մի գեղեցիկ փունջ։ Լեոնիդը լուռ, գլխի թեթև շարժումով հայտնեց իր շնորհակալությունը։ Նրան խնամքով տեղավորեցին օտոմոբիլի մեջ և տարան հիվանդանոց։

Այնտեղ նա անմիջապես քնեց երկար ժամանակվա անքնությունից հետո։ Երբ աչքերը բաց արավ, իր գլխի մոտ տեսավ կանգնած մի կանացի կերպարանք։ Դա մի երիտասարդ աղջիկ էր թուխ երեսով և սաթի պես սև աչքունքով։ Մեջքից քիչ թեքված, նա ժպտում էր այնքան մեղմ, այնքան կարեկցաբար, միևնույն ժամանակ հեզ ու երկյուղած, որ Լեոնիդն իսկույն մոռացավ և՛ իր մարմնավոր ցավը, և՛ իր հոգեկան տառապանքը։ Թվաց նրան, որ իր առջևը կանգնած է մեկն իր հարազատներից։ Քույրը կամ մայրը, որ երկար ժամանակ անհուն տանջանքներով սպասել էր նրա վերադարձին և այժմ երջանիկ էր, որ նրան տեսնում էր կենդանի, թեև ծանր վիրավորված։

— Պարոն սպա, դուք արթնացաք՞. արդյոք ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել,— արտասանեց անծանոթը, գիշերային փոքրիկ սեղանի վրա դնելով մի տուփ քաղցրավենիք։

Կար ինչ-որ մի մտերմական նոտա այդ արծաթահնչուն ձայնի մեջ։ Մի անսահման անկեղծ շեշտ, որ նույն վայրկյանին հափշտակեց Լեոնիդի հավատը դեպի անծանոթը։

— Շնորհակալ եմ,— արտասանեց նա,— բայց դուք ո՞վ եք, ներեցեք հարցնել:

— Ես վիրավորներին խնամող կանանց կոմիտեի անդամուհիներից մեկնեմ։ Հրամայեցեք, պատրաստ եմ ծաոայելու:

— Շնորհակալ եմ, ինձ ոչինչ հարկավոր չէ։