Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/244

Այս էջը հաստատված է

— Ներեցեք, օրիորդ,— ասաց նա,— դուք առաջին անգա՞մն եք ուրիշի համար նամակ գրում։

— Պարոն սպա, այժմ դա սովորական մի բան է: Դեռ երեկ ես երկու նամակ գերցի. մեկը մի կապիտանի համար իր ամուսնուն, մյուսը մի երիտասարդ պորուչիկի համար իր մորը...

— Բայց իմ նամակը պիտի գրեք...

— Մի անձի, որին սիրում եք, այնպես չէ՞,— լրացրեց սևաչյան, ժպտալով այնպիսի ժպիտով, որ միանգամայն քաջալերեց Լեոնիդին։— Թելադրեցե՛ք։

— Դուք ինչի՞ց իմացաք այդ,— հարցրեց սպան, շառագունելով տասը տարեկան աշակերտի պես։

— Ձեր տատանումներից ու շփոթությունից: Բայց երկար չխոսենք. դուք կարող եք հոգնել։ Զբաղվենք նամակով։ Ձեր սիրեցյալը նրան սպասում է այնպիսի տառապանքով, որ դուք երբեք, երբեք չեք կարող երևակայել...

Այս խոսքերն արտասանելիս օրիորդի ձայնը դողաց զգալի։

— Ներեցեք, օրիորդ,— հետաքրքրվեց Լեոնիդը,— ինձ թվում է, որ դուք ևս...

— Չեք սխալվում, պարոն սպա, ես ևս ձեր սիրեցյալի վիճակումն եմ։ Ես հարսնացու եմ պահեստի մի պրապորշչիկի, որ նույնպես պատերազմի դաշտումն է։ Դուք հեռու հյուսիսից եկել եք կռվելու մի թշնամու դեմ, որ նախ և առաջ իմ ազգի թշնամին է, իսկ իմ նշանածը գնացել է հեռու հյուսիս կռվելու ձեր մյուս թշնամու դեմ, որ մեզ ևս մեծ չարիքներ է պատճառել։ Բավական է, դուք հոգնեցիք, զբաղվենք նամակով։

— Բայց, օրիորդ, ձեր խոսքերն ինձ այնքան հետաքրքրեցին, որ չեմ կարող ինձ զսպել։ Թույլ տվեք ինձ հարցնել. ի՞նչ է նշանակում «իմ ազգը», «դուք», «մենք»։ Մի՞թե դուք ռուսուհի չեք։

— Իբրև քաղաքացի ես ռուսուհի եմ, բայց ազգով ոչ։

— Ուրեմն դուք ո՞վ եք։

— Հայուհի։

— Հայուհի՜,— գոչեց Լեոնիդը զարմացած,— բայց դուք