այնքան ուղիղ և մաքուր եք խոսում ռուսերեն, որ ես չէի կարող երևակայել...
— Պարոն սպա, ես ավարտել եմ գիմնազիան և երկու տարի բարձրագույն կուրսերի ուսանողուհի եմ եղել, ինչպես կկամենայիք, որ չկարողանայի՞ ռուսերեն խոսել։
— Եվ ձեր ազգի մեջ շա՞տ կան ձեզ նման օրիորդներ..․ Ուզում եմ ասել, ձեզ նման կրթվածներ։
— Պարոն սպա, դուք չեք խնայում ձեզ։
— Ոչ, դա շատ հետաքրքրական է, շատ։
— Ինձ նմանները, պարոն սպա, շատ սովորական են մեր ազգի մեջ, անթիվ...
Լեոնիդը քանի մի վայրկյան լռեց, ապա նորից շառագունելով, ասաց.
— Ներեցեք, օրիորդ, ես մեղավոր եմ ձեր ազգի և ձեր երկրի առջև։
— Ինչո՞վ, արդյոք։
— Մանկությունից ես լսել եմ և մինչև այսօր հավատացած էի, որ Կովկասը մի վայրենի երկիր է և որ նրա ազգաբնակությունը գաղափար չունի լուսավորության մասին, իսկ կանայք...
— Գրաստի դեր են կատարտւմ, այնպես չէ՞, պարոն սպա։ Թելադրեցեք ձեր նամակը։ Անո՞ւնը ձեր հարսնացուի։
— Իրինա։
— Գեղեցիկ անուն է։ Գրեցի. «Իրինա»։
— Առանց որևէ ածականի՞, սիրելի կամ թանկագի՞ն։
Ես կավելացնեմ, բայց սերը, պարոն սպա, կարոտ չէ ածականների... Ես ավելացրի թանկագին։ Շարունակեցեք։ Չնկարագրե՞մ արդյոք ձեր դրությունը։
— Ոչ։ Ես չեմ ուզում, որ նա իմանա, թե ես վիրավորված եմ, այն էլ այսպես։
— Բայց նա կիմանա, միևնույնն է, քանի որ նամակը դուք չեք գրում։
— Գրեցեք, որ աջ ձեռս մի փոքր վնասվել է, միայն՝ ոչ գնդակից։ Օ՜о, Իրինան սարսափում է գնդակից այն օրից, երբ կարդացել է դում-դում գնդակի մասին։
— Պարոն սպա, եթե ուզում եք, որ ձեր սիրեցյալը չտանջե