Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/249

Այս էջը հաստատված է

սպասելու, վասնզի «դեռ հրամայված չէ» ներս թողնելու:

Մոտենում է դռներին մի օտոմոբիլ և կանգ առնում։ Դուրս են գալիս նրա միջից շքեղ հագնված երկու տիկիններ, թե օրիորդներ, չգիտեմ։ Ոստիկաններն իրենց մեծի նշանով բաց են անում դռները և պատկառանքով ճանապարհ տալիս եկածներին։ Ուրախ-ուրախ խոսելով, նրանք բարձրանում են ընդարձակ մարմարյա սանդուղքով վեր, տանելով իրենց հետ ինչ-որ կապոցներ ու տուփեր։

— Թողե՛ք, թողե՛ք,— գոչեց մի նիհար, երիտասարդ կին, վաղաժամ թառամած։

Մի ձեռով նա գրկած է ծծկեր մանկան, մյուս կռան տակ բռնած է մի կապոց։

— Թողե՛ք,— կրկնում է նա,— ես պետք է տեսնեմ նրան։ Ես նրան ճանաչեցի, իմ մարդուն, երբ կառքով բերում էին։ Նա թույլ էր, շատ թույլ։ Ո՞վ գիտե, կարելի է... մեռնում է... թողե՛ք...

— Քույրիկ, հրամայված չէ, սպասիր,— պնդում է ոստիկանը, աշխատելով իր բիրտ ձայնին տալ կարողացածին չափ մեղմություն։

Եվ դռները աղմուկով փակում է նրա առջև։

«Քույրիկն» արտասվում է, մի ձեռից մյուսն անցկացնելով ծծկեր երեխային, որ վիրավորի զավակն է։ Եվ արտասուքը սրբում է իր գլխի հնամաշ շալի ծայրով։

Գալիս են դարձյալ կառքեր և օտոմոբիլներ և բերում են ինչ-որ առողջ ու կուշտ դեմքերով կանանց ու տղամարդկանց: Ամենքի առջև բացվում են դռները և ամենքը մարմարյա սանդուղքով բարձրանում են վեր։

Մի կառքից իջնում են երկու տակավին երիտասարդ պարոններ, մեկը կարմիր-կապտագույն ուռած դեմքով, մյուսը նիհար և այնպիսի հոգատար դեմքով, որ, կարծես, վիրավորներին խնամելու ամբողջ ծանրությունը նրա ուսերի վրա է։ Նրանք ցույց են տալիս ոստիկանին մի-մի թղթի կեղտոտ կտոր այնպիսի ձևով, որ թվում է, թե առանց իրենց ներկայության աշխարհի երեսին չէ կարող կատարվել և ոչ մի մարդկային գործ և եթե կատարվի, անմիջապես կխորտակվի։

Դռներն իսկույն բացվում են նրանց առջև։