Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/250

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ նրանց թողիք,— հարցնում է ծծկեր մանկան մայրը։

— Նրանք թղթակիցներ են,— պատասխանում է ոստիկաններից մեկը։

Երկու ժամ անցած՝ նորից անցնում են նույն հիվանդանոցի մոտով։ Կողմնակի մարդիկ ցրվել են, մնացել են միայն վիրավորների մերձավորները։

Դռներից դուրս են գալիս և օտոմոբիլ նստում շքեղ հագնված տիկինները և օրիորդները։ Մեկը մյուսին ասում է.

— Ես պարտքս կատարեցի, կարող եմ հանգիստ ճաշել:

— Ես ևս,— պատասխանում է մյուսը։

Դռներից դուրս են գալիս թղթակիցները։ Մեկը նրանցից, ծոցը դնելով հուշատետրն ու մատիտը, ասում է մյուսին.

— Եթե խմբագիրը չկրճատի, այսօրվա վաստակս կլինի տասնուհինգ ռուբլի։

— Իմն էլ այդչափ,— պատասխանում է մյուսը։

Ծծկեր մանկան նիհար մայրը, արտասուքը աչքերին, հարյուրերորդ անգամ մոտենում է ոստիկանին ու հարցնում.

— Հիմա թույլ կտա՞ք, որ նրան տեսնեմ։

— Համբերիր...

Նույն պահին դռները նորից բացվում են, և հիվանդանոցի ծառաները պատգարակի վրա դուրս են բերում վիրավորներից մեկին։ Նրա աչքերը փակ են, դեմքը հանգիստ։

— Մեռավ,— արտասանում է պատգարակը տանողներրից մեկը թույլ ձայնով։

Ծծկեր մանկան նիհար մայրը նայում է պատգարակի վրա տարվողի երեսին։ Լսվում է մի սուր, երկարատև ճիչ, և նա թուլացած ընկնում է երեխայի հոր դիակի վրա՝ երեխայի հետ միասին: