Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/253

Այս էջը հաստատված է

կստանաս հիսուն ռուբլի, իսկ եթե չկարողանաս, ես քո հինգ ռուբլիով քեզ մի լավ կհարբեցնեմ ու հետո կողերդ կջարդեմ։ Գալի՞ս է։

— Գալիս է,— համաձայնվեց Արտաշեսն օձիքն ազատելու համար։

Նույն օրը երեկոյան նրանք հրավիրված էին մի ծանոթ ընտանիք թեյի: Որովհետև Միսակի երևակայությունն առանձնապես բորբոքվում էր կանանց ներկայությամբ՝ Արտաշեսն ասաց նրան.

— Տես, Միսակ, զգույշ, որ գրազդ հենց այս երեկո տանուլ չտաս։

— Ձայնդ կտրիր, անիրավ,— գոչեց Միսակը,— այսօր դու ինձ մի վերք տվեցիր, որ հավիտյանս հավիտենից չի բուժվիր: Ես, Միսակ Մանուկյանս, ստախո՞ս, հա, հա, հա...

***

Դժբախտաբար, այս անգամ գայթակղությունը բացառիկ եղավ։ Միսակը հյուրընկալ ընտանիքում, բացի տանտիրուհու երկու երիտասարդ քույրերից, հանդիպեց մի գեղեցիկ տիկնոջ, որի հետ վաղուց փափագում էր ծանոթանալ... Եվ, հակառակի պես, այդ տիկինը մեծ ախորժակ ուներ ամեն տեսակ արկածներ լսելու։ Իսկ Միսակը գիտեր այնպես ոգևորված, այնպես պատկերավոր պատմել, որ շատերը կամա-ակամա գրավվում էին։ Նույնիսկ նրանք, որոնք կասկածով էին ընդունում նրա ասածները։ Նույնիսկ ինքը՝ Միսակը, հաճախ հրապուրվելով իր բարձր բարիտոնային ձայնով, սկսում էր իր ստերին հավատալ։

Պատմելով իր և ուրիշների կյանքից մերթ տխուր, մերթ զվարճալի արկածներ, նա մի քանի անգամ փորձեց դիմել անզուսպ ֆանտազիայի օգնությանը, բայց ամեն անգամ հանդիպեց Արտաշեսի անտարբեր հայացքին ու լեզուն կծեց։ Սակայն այդ երկար չտևեց։ Շուտով նա մոռացավ ամեն ինչ և կծիկի ծայրը բաց թողեց։

Գեղեցիկ տիկինը լսում էր նրան և մերթ ծիծաղում, մերթ