Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/254

Այս էջը հաստատված է

զանազան բացականչություններով արտահայտում իր հրճվանքը, զայրույթը, ուրախությունը, սարսափը, նայելով Միսակի պատմածներին։

Երբ ընկերները, հրաժեշտ տալով, փողոց դուրս եկան, Միսակն արդեն շատ խոսելուց քրտնել էր։ Այնուամենայնիվ, նա չհանգստացավ և տակավին ոգևորված, գոչեց.

— Ահ, ի՛նչ հրաշալի երեկո անցկացրինք, Արտաշ...

Արտաշը իր կոկորդից արձակեց ինչ-որ հնչյուն, որից ոչինչ չէր կարելի հասկանալ։ Միսակը շարունակեց.

— Տիկին Զարմարյանն ուղղակի սքանչելի է։ Տեսա՞ր, ինչպես էր քրքջում, երբ ես պատմում էի ծիծաղելի դեպքերը: Ինչ մեղքս թաքցնեմ, երբ լսողը գեղեցիկ կին է, չկա ինձ համար ավելի բարձր հաճույք։

— Իհարկե,— արտասանեց Արտաշեսը,— բայց դու գրազդ տանուլ ես տվել։

— Ինչպե՞ս։

— Այ, այսպես։ Տե՛ս։

Այս ասելով, Արտաշեսը բռնեց Միսակի թևից և նրան մոտեցրեց փողոցի էլեկտրական լապտերներից մեկին։ Դուրս բերելով գրպանից իր հուշատետրը, բաց արավ և ասաց.

— Կարդա՛։

— Այդ ի՞նչ է,

— Կարդա՛։

Միսակը կարդաց հուշատետրի մեջ։

«Իմ բարեկամ Միսակ Մանուկյանի երկու ժամվա մեջ ասած ստերը...»։

— Աղվե՛ս, աղվես,— գոչեց Միսակը,— դրա համա՞ր էիր անկյունում սուս ու փուս թազնել շան պես։ Ապա տեսնենք ինչեր ես շարադրել։ Օհո, օհո, սուտ է, սուտ է, ես չեմ ասել, թե Պարիզում ապրել եմ երկու տարի...

— Ասացի՛ր։

— Ես չեմ ասել, թե Մոսկվայի «Ստրելնա» գիշերային ճաշարանում մի գնչուհու համար մի գիշեր հինգ մարդ եմ ծեծել։

— Ասացի՛ր։

— Ես չեմ ասել, Մոսկվայի «Էրմիտաժ» ճաշարանում