Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/256

Այս էջը հաստատված է

ՀԱՅՐ ԱՆՈՓՐԻՈՍԻ ՎԻՇՏԸ

— Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորականները պարտավոր չեն կռվի դաշտ գնալու,— ասաց իր մտքում 35 տարեկան առողջ, կայտառ վարդապետը, Էջմիածնի նախկին սան, միշտ ճառաբանող, միշտ լրագիրներում բանակռվող, միշտ ազատամիտ և ազատախոս Անոփրիոս հայր-սուրբը, երբ լրագիրներում կարդաց, թե ահեղ պատերազմի դաշտն են կանչվում բոլոր իր հասակակից երիտասարդները։

Չկարծեք թե նա երկչոտ էր կամ փոքրոգի։ Ամենևին։ Ընդհակառակը, տեղը եկած, նույնիսկ չեկած ժամանակ նա միշտ պաշտպանում էր կռվի գաղափարը «իբրև սրբություն սրբոց» հանուն հալածյալների։ Նա չէր վախենում շարունակ կրկնել.

— Եթե մի օր հարկը պահանջե, կվերցնեմ մի ձեռս Քրիստոսի խաչը, մյուս ձեռս սուր, կընկնեմ կամավորների առաջ և կգնամ ազգիս թշնամիների դեմ:

Իսկ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Անոփրիոս հայր- սուրբը երկու անգամ ձի նստեց և Վաղարշապատից Աշտարակ գնաց իմանալու, արդյոք այնտեղի հայերին կոտորած չի՞ սպառնում Դաղստանի կողմերից։ Հետո երկաթուղով շտապեց Ալեքսանդրապոլ տեղեկանալու համար, արդյոք, տեղական ազգաբնակությանը արշավանք չի՞ սպառնում Հնդկաստանից կամ Բելուջիստանից։