Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/259

Այս էջը հաստատված է

չորս մեծադիր էջերից բաղկացած մի հոդված, ուր նա փառաբանում էր «ազգերի սրբազան պատերազմը» և այնուհետև կոչ անում իր պաշտոնակիցներին, որ նրանք էլ զոհեն իրենց լուման...

«Մարս» լրագիրը շտապեց ստանալուն պես տպագրել հայր Անոփրիոսի հոդվածը, վասնզի առաջինը՝ այնտեղ մի քանի գովասանական խոսքեր կային իր հասցեին, երկրորդը հեղինակին տողավարձ չպիտի տար։

Ազատվելով այդ պարտքից էլ, հայր Անոփրիոսը դարձյալ հանգստացավ։

Բայց, կրկնում եմ, հոգեկան անդորրությունը աստվածային հարատև պարգևներից չէ։

Մի քանի օր անցած՝ հայր Անոփրիոսն իմացավ կրկին այդ անիրավ լրագիրներից, որ պատերազմը մեծ ազդեցություն ունի բոլոր տեսակի բանկային թղթերի, հետնաբար և իր տոմսերի արժեքի վրա։

Այդ օրից նա դադարեց հետաքրքրվել լրագիրների մյուս բոլոր բաժիններով գոնե այնչափ, որչափ առաջ և իր ամբողջ ուշ ու միտքը նվիրեց բորսային և ֆինանսական բաժնին։

Մի օր նա հաշվեց և տեսավ, որ իր թղթերի արժեքն ընկել է այնչափ, որ նա կորցնում է մոտ 75 ռուբլի, հետո 120 ռուբլի, հետո 180 ռուբլի և այլն։

Նա սարսափեց և սկսեց այնպես անիծել Վիլհելմ Հոհենցոլլերնին, որպես ոչ մի մարդ աշխարհի երեսին դեռ չէր անիծել և չպիտի անիծեր։

Այժմ Անոփրիոս հայր-սուրբը առավոտները զարթնում է թե չէ, աղերսում է ամենաբարձրյալին, որ մի կերպ վերջ տա կորստաբեր պատերազմին, քանի որ ինքը չի սնանկացել...

Եվ օր-օրի վրա նրա կարմիր թշերը գունատվում են և վիզը բարակում։