Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/26

Այս էջը հաստատված է

— Ա՛խ, ներողություն,— գոչեց նա, հանկարծ ուշքի գալով,— ես... անքնությունից...

— Այո՛, Լևոն, անքուն ես։ Եթե կամենում ես՝ հանգստացիր սենյակումս:

— Շնորհակալ եմ, սինյոր։ Թո՛ւյլ տվեք միայն մանդոլինաս թողնեմ այստեղ: Մայրս կարող է նրան վառարանը գցել։ Երեկ լուսամուտով փողոց շպրտեց կիթառս ու մի քանի լուսանկարներ:

— Լևոն, մայրդ չար կին է, — գոչեցի ես, մինչև հոգուս խորքը վրդովված այրու վայրենի արարմունքից։

Լևոնը չափազանց վշտացավ և սկսեց պաշտպանել մորը։ Ո՛չ, ո՛չ, չար կին չէ նրա մայրը, ընդհակառակը, շատ բարի է։ Նա սիրում է Լևոնին։ Երբեմն քնած ժամանակ Լևոնը զգում էր, որ իրան թաքուն համբուրում է։ Նա սիրում է, բայց սերը ցույց չի տալիս։ Վախենում է, որ Լևոնը երես առնի, ավելի փչանա։

— Ավելի փչանա՞ս,— գոչեցի ես,— բայց մի՞թե դու փչացած ես։

— Ի՞նչ գիտեմ, սինյոր, մայրս ասում է՝ «ով յուր ծնողների կամքը չի կատարում, փուչ որդի է»։

— Է՛հ, ուրեմն, ինչո՞ւ չես կատարում մորդ կամքը,— հարցրի դիտմամբ, կամենալով փորձել նրան։

Նա մի տխուր հայացք ձգեց երեսիս, ոչինչ չասաց։ Ես այդ հայացքի մեջ կարդացի նրա անզորությունը՝ դառնալ մոր կամքի հլու զավակ։ Անվիճելի էր, որ նա շուտով կհրաժարվեր կյանքի բոլոր բարիքներից, քան թատրոնից:

Ճաշի միջոցին պատմեցի նրա տարօրինակ տրամադրության մասին։ Լուիզան լսեց լարված ուշադրությամբ։ Նրան նկատելու չափ շփոթեցրեց այն, ինչ որ Լևոնը, ասել էր «Մադրիդի շրջմոլիկի» մասին։ Կավալլարոն խորհրդավոր ժպտում էր և գլխով հանդիմանական շարժումներ անում, Լուիզայի աչքերին նայելով։ Ուսանողը նկատեց, թե Լևոնն աննորմալ էակ է, մի տեսակ հոգեկան հիվանդ։ Նրա հասակի ու զգացումների մեջ չկա համերաշխություն։ Իսկ ուղեղը զարգանում է անկանոն։ Այս նկատողությունը չափազանց