Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/260

Այս էջը հաստատված է

ՄԱՐՋԱՆԸ

Ես հիշում եմ այդ զարմանալի կնոջը, ինչպես այսօրվա օրը։

Մանուկ էի, ճշմարիտ է հազիվ տասնևերեք տարեկան, բայց չէ՞ որ որքան մանուկ է մեր հիշողությունը, այնքան խորն են տպավորվում նրա մեջ խոշոր անցքերը։ Մանավանդ այնպիսի մի բացառիկ, գրեթե եզակի մի եղելություն, որպիսին է այն, ինչ որ պիտի պատմեմ։

Իսկն ասած՝ Մարջանը մի հասարակ կին էր, անկիրթ, անգրագետ և աղքատ ծնողների անկիրթ և անգրագետ զավակ։ Մեկը գռեհիկ ժողովրդի այն թշվառ էակներից, որոնք ծնվելով խավարի, կարիքի և ասիական բռնակալության գրկում մինչև մահ մնում են խավար, որպես մութ անտառների խորքերում աճող խոնավ բույսեր, որ երբեք չեն տեսնում արևի լույս։

Բայց քմահաճ ճակատագիրը, որ սիրում է երբեմն տարօրինակ խաղեր խաղալ, այնպես էր սահմանել, որ անհայտ ծնողների այդ անհայտ զավակը դառնա մի ամբողջ քաղաքի և նրա ընդարձակ շրջակայքի սարսափի և համակրանքի, անեծքի և հիացմունքի, ատելության և սիրո առարկան։

Եթե կամենաք՝ մի հերոսուհի, որի շուրջը կարճ միջոցում ստեղծվել էին կատարյալ առասպելներ։ Որի անունով մայրերը