Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/27

Այս էջը հաստատված է

վրդովեցրեց Կավալլարոյին։ Չխնայելով ռուս լեզվի քերականական կանոնները, նա սկսեց հակաճառել․

— Հոգեկան հիվանդ, հոգեկան հիվանդ․ վերջին ժամանակ կարծես գիտությունները հենց նրա համար են սովորում, որ բոլոր տաղանդավոր մարդկանց հիվանդ համարեն։ Ո՛չ, պարոններ, իսկական հոգեկան առողջները հենց Լևոններն են։ Միայն նրանք դժբախտ են, սինյոր ստուդենտ, հասկանո՞ւմ եք. դժբախտ, որ չեն ծնված կյանքի բարեհաջող պայմաններում: Փոխանակ գիտնականորեն բացատրելու այդ պատանիների հոգին, օգնեցեք նրանց․ ահա՛ ինչ։ Մի՛ թողնեք ադամանդը փողոցի ցեխի մեջ: Ափսո՛ս է Լևոնը։

— Նա օրից-օր հալվում է մոմի պես,— շարունակեց Կավալլարոն կարեկցաբար,— նրա կազմը նուրբ է, չի կարող դիմանալ այդ տեսակ ապրուստի։ Երբեմն գիշերը, հազիվ անկողին պառկած, վեր է կենում, գնում կանգնում է կասի առջև, առանց վերարկուի, մի քանի կոպեկ վաստակելու համար: Վաստակածի մի մասն էլ թատրոնի վրա է ծախսում։ Ահա վաղը սինյորա Բարբինիի բենեֆիսն է։ Դա նրա ամենասիրելի երգչուհին է։ Համոզված եմ, որ այժմ իրան տանջում է, որպեսզի կարողանա որևէ կերպ վաղվա ցույցերը գեղեցկացնել...

Հետևյալ երեկո ես թատրոնումն էի: Նստած մի բարեկամ ընտանիքի հետ օթյակներից մեկում, նայում էի դեպի վերնահարկ։ Բազմաթիվ գլուխների մեջ, վերջապես, տեսա Լևոնին։ Արմունկները պատնեշին հենած, գլուխն ափերի մեջ բռնած, աչքերը հառել էր բեմին։ Նրա մի կողմում կանգնած էր բանաստեղծ Չաուշենկոն, մյուս կողմում՝ Իցկո Մարգուլիսը։ Երբ բեմի վրա երևաց երգչուհի Բարբինին, Լևոնը գլուխը բարձրացրեց և ամենից առաջ ծափահարեց։ Նրան հետևեցին Չաուշենկոն և Իցկոն, հետո վերնահարկի մի մասը։ Նույն վայրկյանին մի քանի տասնյակ ձեռներ ձգեցին բեմի վրա ինչ-որ սպիտակ ու կարմիր ծաղիկներ, նաև գույնզգույն բարակ թղթի թերթիկներ։ Գոյացավ մի ֆանտաստիկ անձրև։ Պարտերն ակամա հափշտակվեց, և ամբողջ հինգ րոպե թատրոնը թնդում էր բուռն ծափահարություններից։ Վերցնելով յուր գլխին տեղացող անձրևից մի կաթիլ՝ մի