էլ մի քանի բռունցքի հարվածներ ստանալով, մտա ներս և ի՞նչ տեսնեմ։
Մարջանը պառկած էր ուղիղ գետնի վրա, պատի տակ և ծանր հառաչում էր ու տնքտնքում։ Նրա երեսը ծածկված էր արյունով։ Նրա պսպղուն աչքերը պտտում էին իրենց շրջանակների մեջ ինչպես ածուխի երկու շիկացած կտորներ։
Նրա գլխի վերև, պատին քաշ էր արած մի լայն և երկայն դաշույն, որից թարմ արյուն էր կաթում։ Սենյակի անպաստառ պատերը, հատակի վրա սփռած դեղնագույն խսիրները, շեմքը, պատշգամբը, նույնիսկ բակը ծածկված էին արյան խոշոր կաթիլներով։
— Նա չի ապրի,— շշնջաց մեկը իմ ետևում մյուսի ականջին,— անաստվածը կտոր-կտոր է արել նրան։
— Շատ լավ է արել։
Վերջապես ներկա եղողների կցկտուր պատմածներից իմացա ինչ է պատահել։
Ահա եղելությունը, որ հետո պարզվեց բոլոր մանրամասներով։ Նախընթաց երեկո Մարտիրոսը չգիտեմ որ քաղաքից թե գյուղից ձիով վերադառնում է և Մարջանին տանը չի տեսնում։ Իհարկե նա գուշակում է, թե որտեղ է կինը և ում հետ։ Գալիս են նրա քույրերը, որ վաղուց արդեն կատաղած էին Մարջանի դեմ և մի անգամ ևս նախատում իրենց եղբորը, որ վերջ չի տալիս իր խայտառակությանը։ Մեկը մինչև անգամ «աննամուս» է անվանում Մարտիրոսին: Առևտրական ինչ-որ անհաջողությունից հուսահատված, ճանապարհից ձանձրացած, իր անարգ վիճակից ուժասպառ մարդը՝ վերջապես վճռում է մի կերպ վերջ տալ իր խայտառակությանը, և իր տանջանքներին, և մարդկանց ծաղրին, արհամարհանքին ու զզվանքներին։
Քույրերը հեռանում են մարդուն մինչև ծայր լարելուց հետո։ Մարտիրոսը սպասում է Մարջանին ամբողջ գիշերը, անքուն, անհանգիստ և ետ ու առաջ քայլելով։ Մարջանը վերադառնում է լուսաբացին։ Մարտիրոսը չի նախատում նրան, մի խոսք անգամ չի ասում։ Սպասում է այնքան, մինչև որ Մարջանը վերցնում է իր վրայից բոլոր զենքերը և մերկանում է տղամարդու զգեստից։ Այն ժամանակ մարդու և