Հսկա. (Մտածելով): Ի՞նչ, երախտի՞ք։ Սպասիր, թող որ մտաբերեմ։ Հա, հիշեցի, ես քեզ թույլ եմ տալիս աշխարհի երեսին ապրելու։
Թզուկ.— Շնորհակալ եմ, մեծդ բարերար, բայց, ներիր, չէ՞ որ ապրելու իրավունք ես աստծուց եմ ստացել, այլ ոչ քեզանից։ Եվ այն էլ ե՛րբ եմ ստացել. քո աշխարհ գալուց շատ և շատ առաջ. որովհետև թեև ես մարմնով փոքր եմ, բայց տարիքով քեզնից երկու անգամ մեծ։
Հսկա.— Ես տարիների հաշիվը չեմ պահում և ոչ մի խրոնոլոգիա կամ պատմություն չեմ ընդունում։ Ես գիտեմ միայն, որ եթե ուզենամ, մի հարվածով կարող եմ քեզ ոչնչացնել։ Չեմ ոչնչացնում, ուրեմն քո բարերարն եմ։ Ահա իմ երախտիքը։
Թզուկ.— Է՛հ, թող քո ասածը լինի. ես աշխարհի երեսին գոյություն ունեմ քո բարության և վեհանձնության շնորհիվ: Բայց ինչո՞ւ չես ընդարձակում քո բարությունն ու վեհանձնությունն այնչափ, որ ես կարողանամ մի քիչ ավելի մարդավարի ապրել։ Ինչո՞ւ օր ու գիշեր այդ հսկայական բռունցքդ բանեցնում ես իմ փոքրիկ գլխի վրա։ Չէ՞ որ ես էլ մի քիչ պատվասիրություն ունեմ։
Հսկա.— Ի՞նչ, պատվասիրությո՞ւն։ Ի՛նչպես ես համարձակվում խոսել պատվասիրության մասին, անիծյալ։ (Մտրակով զարկում է թզուկի գլխին): Դու չունե՛ս իրավունք։
Թզուկ.— (Ճակատից հոսող արյունը սրբելով): Հարվածդ այս անգամ շատ աջող էր, բայց կարելի՞ է իմանալ, թե ինչու ես չունիմ իրավունք պատվասիրության մասին ակնարկելու։
Հսկա.— Որովհետև աստված պատվի զգացումը միայն ինձ նման մեծերին է պարգևել, իսկ քեզ նման թզուկները չեն կարող գաղափար ունենալ նրա մասին։
Թզուկ.— Թույլ եմ տալիս ինձ, պատվելի հսկա, ասելու, որ աստծու հետ ես քեզնից մի քիչ ավելի եմ ծանոթ, քանի որ քեզնից ավելի շատ տարիներ եմ աղոթել նրան։ Կարող եմ ասել, որ նրա մասին ես եմ շատերին գաղափար տվել։ Ուստի որքան ինձ հայտնի է աստվածաշնչից և ավետարանից, աստված մեծերին էլ, փոքրերին էլ օժտել է մարդկային միևնույն