զգացումներով։ Գուցե մեկին ավելի, մյուսին պակաս, բայց ամենքին օժտել է։ Ես թույլ եմ տալիս կարծելու, որ իմ և քո միջև եղած տարբերությունը միայն մեր ֆիզիկական չափերի մեջ է։ Դու խոշոր ես ծնվել, ես մանր, բայց դու էլ երկու աչք ունես ու մի բերան, ես էլ, դու էլ մի գլուխ ունես, ես էլ։ Դեռ հարց է, թե քո՞ գլուխն է ավելի լավ մտածում, թե՞ իմը, կամ քո՞ աչքերն են ավելի լավ տեսնում, թե՞ իմը։
Հսկա.— Գիտե՞ս, ես ատելով ատում եմ, երբ թզուկները սկսում են դատողություններ անել։ Ես առհասարակ դատողություններ չեմ սիրում և զզվում եմ փիլիսոփայությունից։ Դա իմ մարսողությանը վնաս է։
Թզուկ.— Ներիր, մեծդ խոշորություն, ես փիլիսոփայություն չեմ անում, քավ լիցի: Ես միայն կամենում եմ ամենախոնարհաբար իմ մարդկային իրավունքներն ապացուցանել, որպեսզի հաստատեմ, որ ես էլ բացի մարմնավոր ցավից՝ զգում եմ հոգեկան ցավ։
Հսկա.— (Բռունցքով զարկելով թզուկի գլխին): Դե, եթե կարող ես, ապացուցիր։
Թզուկ.— (Հարվածից թեքվելով դեպի գետին): Շնորհակալ եմ երկրորդ հարվածիդ համար, բայց հուսով եմ, որ երրորդից կազատես ինձ։
Հսկա.— (Մի անգամ ևս զարկելով): Ահա քեզ և երրորդը, չորրորդը, հինգերորդը։
Թզուկ.— (Ընկնելով գետնի վրա՝ ճչում է)։ Այ, վա՜յ։
Հսկա.— Դու համարձակվում ես գոռա՞լ, գարշելի,որ դրացիներս լսեն։ Էյ, ծառաներ, կապեցեք այդ ապստամբի, այդ ըմբոստի, այդ հեղափոխականի բերանը, տարեք ներքնատուն և 250 ճիպոտի հարվածներ տվեք։ Հետո երեք օր և երեք գիշեր սոված պահեք։