Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/282

Այս էջը հաստատված է
***

Այդ պահից ահա սկսվեցին Մագդալինայի իսկական տանջանքները։ Մեկը մյուսից չար կասկածներ և ենթադրություններ պաշարեցին նրան որպես թունավոր սողուններ։ Մեկը մյուսից զարհուրելի տեսիլներ պատկերացան նրա առջև որպես գերեզմանային ուրվականներ։

Հանուն զավակների հանգստության նա հերոսական ճիգեր էր գործ դնում իր հոգու տառապանքները թաքցնելու համար։ Մերթ այդ հաջողվում էր նրան, բայց հաճախ՝ ոչ։ Եվ քիչ անգամ չէր արտասվել նա, նույնիսկ երեխաների ներկայությամբ։

Ամեն օր պոստ ստացվելու ժամանակին նստում էր լուսամուտի առջև, նայում էր դեպի բակը, սրտի բաբախումով սպասում նամակի։ Գալիս էր պոստաբերը, անցնում էր դեպի հարևանները, և նրա հարցին շարունակ պատասխանում էր սառնարյուն.

— Չկա, տիկին։

Ամեն առավոտ նա աղախնին ուղարկում էր հեռագրեր ու լրագրեր գնելու, կարդում էր ծայրեծայր բոլորը, ինչ որ պատերազմին էր վերաբերում, հուսալով գտնել որևէ տեղեկություն, եթե ոչ Աբգարի, գոնե այն գնդի մասին, որին նա պատկանում էր։ Եվ ոչ մի լուր։ Նա գիտեր, որ պատերազմը մեծ է, անօրինակ, որ միլիոնների բանակներ են դուրս եկել իրարու դեմ, որ մի ինչ-որ գունդ մի բուռ ջուր է վիթխարի հեղեղի մեջ. նա գիտեր, որ մարդիկ սպանվում, վիրավորվում, դերի են վերցվում տասնյակ հազարներով, բայց և այնպես չէր դադարում հուսալ ծովի ավազում գտնել այն միակ հատիկը, որ ամենից փայլունն էր նրա համար, ամենից գնահատելին։

Լրագիրներ կարդալով, հարկավ, այժմ նա գիտեր՝ որտեղից է առաջացել այդ դժոխային ողբերգությունը։ Եվ այն էակը, որի անարատ բերանը մինչև այդ ժամանակ չէր արտասանել մի կոշտ բառ անգամ, այժմ կծու դարձվածքներով անիծում էր նրան, որին անիծում էին անխտիր ամենքը — Վիլհելմ Հոհենցոլլերնին։ Մի անծանոթ մարդու, որի մասին նա մինչև պատերազմ ոչ մի գաղափար չուներ, վասնզի երբեք