Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/283

Այս էջը հաստատված է

չէր հետաքրքրվել քաղաքականությամբ։ Անիծում էր ոչ միայն նրան, այլև նրա զավակներին․ կնոջը, ցեղը, ազգը, երկիրը և այն օդը, որ նա շնչում է։

նրա ատելությունը դեպի Գերմանիան և գերմանացիներն այնտեղ հասավ, որ սկսեց թշնամաբար նայել և այն գաղթական գերմանուհուն, որ ինը տարի անընդհատ ամեն օր կաթ էր բերում նրա համար։ Եվ այսպես, չարությունը ճանապարհ գտավ դեպի մի սիրտ, որ երբեք ոչ ոքի դեմ ոխ և ատելություն չէր ունեցել։ նա գիշեր-ցերեկ աղերսում էր աստծուն լինել անողոք վրիժառու դեպի մի ազգ, որին չէր ճանաչել ոչ լավ և ոչ վատ կողմից։

***

Այդպես անցկացրեց Մագդալինան պատերազմի առաջին ամիսը։ Այնուհետ և փոքր առ փոքր մեղմացավ նրա հոգեկան փոթորիկը, և սովորական առողջ բանականությունը, որից զուրկ չէր, տակավ առ տակավ տիրացավ իր սրբազան իրավունքներին: Վրեժի, ատելության և անզոր չարության քաոսի մեջ նա կարողացավ գտնել արդարամիտ դատողության թելը և բռնեց նրա ծայրից տկար ձեռքերով: Ոչ այնքան գիտակցաբար, որքան բնազդաբար։

Նա մտածեց, որ անմտություն և խղճի դեմ դավադրություն է մեկ մարդու կամ մի քանիսի հանցանքը տարածել մի ամբողջ ազգի վրա։ Չէ՞ որ մարդկային անհուն բազմության ճակատագիրն ամենուրեք գտնվում է մի բուռ անհատների ձեռքերում։ Չէ՞ որ երբ իշխաններն ու զորավարները հրամայում են, ծառաներն ու թույլերը ստիպված են կատարել նրանց հրամանը, որքան ևս անմիտ, որքան ևս անհեթեթ լինի այդ հրամանը։

Ամեն օր նա դողդոջուն ձեռքերով բաց անելով տեղական լրագիրը՝ նախ և առաջ աչքի էր անցկացնում սպանվածների և վիրավորվածների անվերջ ցուցակները։ Երբ հասնում էր Մ. տառին, մի պահ կանգ էր առնում, նրա ձեռքերը թուլանում էին ու լրագիրը բաց թողնում ծնկների վրա։ Նրա տառապող