Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/285

Այս էջը հաստատված է

Այո, շտաբում ստացված ցուցակի մեջ կա մի պորուչիկ Աբգար Մաքայան անունով։ Սպանված է նա անկասկած Լեմբերգի մոտ տեղի ունեցած ճակատամարտերից մեկում...

Մագդալինան պահանջեց, որ հեռագրվի այն զորաբանակի հրամանատարին, որին պատկանում էր Աբգարի գունդը։ Երեք օր անցած ստացվեց հետևյալ հեռագիրը։

«Տեղեկացեք կովկասյան շտաբում»։

Այլևս կասկած չմնաց:

Մագդալինան պահանջեց, որ Աբգարի դիակը գտնվի և Կովկաս բերվի։ Պահանջը համարվեց անիրագործելի։ Ասացին, որ պորուչիկը սպանված է երկու շաբաթ առաջ, որ անտարակույս նրան թաղել են հենց սպանման օրը, որ զուր կլինի ամեն ջանք նրա դիակը գտնելու և այլն, և այլն...

Մագդալինան համոզվեց, որ, արդարև իր պահանջն անիրագործելի է։ Նա բավականացավ սովորական հոգեհանգստով, հետևելով ուրիշների օրինակին։

***

Այլևս նա դադարեց հետաքրքրվել պատերազմով։ Այլևս հեռագրերն ու լրագրերը կորցրին նրա աչքում իրենց նշանակությունը։ Միակ կենդանի կապը, որ կար նրա և սոսկալի արհավիրքի միջև, կտրվեց։ Չկա այդ կապը, չկա և արհավիրքը։ Իսկ համայնական վիշտ կրելու համար նրա սիրտը տեղ չունի իր մեջ, այնքան խոշոր է անձնականը։

Եվ խորասուզվելով ինքն իր մեջ, նա չգիտեր՝ ինչ է կատարվում դրսի աշխարհում, չէր էլ ուզում իմանալ։ Միակ բանը, որ նրան զբաղեցնում էր, բացի վշտից երեխաների վիճակն էր։ Հարկավոր էր նրանց ապահովության մասին հոգալ։ Երբ նրա հայրը գնաց ուր հարկն է տեղեկանալու, թե ինչ կարգադրություն կա սպանված օֆիցերների որբացյալ ընտանիքների վերաբերմամբ, պատասխան ստացավ, թե տակավին ոչ մի կարգադրություն չկա և թե բարձրագույն իշխանությունը անշուշտ որևէ հրաման կարձակե շուտով...

Մագդալինան չբողոքեց։ Նա արեց այն․ ինչ որ կարող էր անել. կրճատեց իր ծախքերը մինչև մինիմում