Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/29

Այս էջը հաստատված է

եղանակը բավական ցուրտ էր։ Նա հափշտակված էր յուր դերով, աշխատում էր կարգ պահպանել պատանիների շարքում։ Կերոնների հրեղեն լեզվակները էլեկտրական ահագին լապտերների լուսո ներքո ներկայացնում էին դեղնագույն աղոտ բծեր՝ տկար, որպես աստղերը լուսնյակ երեկո։

Լևոնի նիհար դեմքը ստացել էր մի տեսակ բաց-մանիշակագույն երանգ։ Նա հիշեցնում էր դեկադենտ նկարչի քմահաճ վրձինի տարօրինակ ստեղծագործություն։ Սակայն այդ հիվանդոտ դեմքի վրա աչքերը փայլում էին հղկած պողպատի պես։ Չորս կողմից էլեկտրականությամբ հեղեղված նրա մարմինը գետնի վրա չէր ձգում ստվեր․ նա ինքը, կարծես, ստվեր լիներ։ Նրա շարժումները արագ էին, ջղաձգական, լի ավյունով։ Երբ խոսում էր, նույնիսկ հեռվից ինձ թվում էր, որ խոսում են նրա բոլոր նյարդերը, սրտի բոլոր թելերը։ Ահագին բազմության մեջ ձայնն ինձ չէր հասնում, բայց գրազ կգայի, որ այդ ձայնը դողում էր հոգեկան բարձր հաճույքից յուր բոլոր ելևէջներով։ Լևոնը երջանիկ էր։

Երբ երգչուհին դուրս եկավ թատրոնից երկրպագուներով շրջապատված, Իցկո Մարգուլիսն ամենից առաջ աղաղակեց. «ուռա՜»։ Չաուշենկոն, գավազանով հետ մղելով նրան, մոտեցավ երգչուհուն ու տվեց նրան յուր ձեռքի թուղթը։ Անշուշտ, այդ նրա ոտանավորն էր, հատկապես օրվա առիթով գրված։

Լևոնը գդակը վերցրեց և օդը գցեց։ Նրա թանձր մազերից երկու շերտ ընկան նուրբ ճակատի վրա։ Նրա օրինակին հետևեց պատանիների ամբողջ խումբը։ Երևան եկավ Չաուշենկոյի նեղ, երկայնաձև գլուխը, հարթ, նոսր մազերով։ Եվ կիսամերկ, կիսաքաղցած պատանիների տհաս ձայները՝ «բրա՜վա, բրավի՜սսիմա», խառնվելով միմյանց, կարծես, սառեցին ձմեռային օդում։ Այդ վայրկյանին ես անիծեցի մտքումս երջանիկ երգչուհուն, որ թեկուզ ակամա, խելքից հանել էր այդ մատաղահաս էակներին և վտանգի էր ենթարկում նրանց կյանքը, ո՞վ գիտե, գուցե և՛ հոգին։ Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը։

Երբ երգչուհին մոտեցավ թատրոնի առջև սպասող