ՍՐՃԱՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ
Նա ամեն օր գալիս էր այն սրճարանը, ուր սովորաբար լինում էի ես։
Ներս էր մտնում ահագին անձրևանոցը կռնատակին, արագ քայլերով, որպես անչափ զբաղված մեկը, և, իբր թե հոգնած, նստում էր կլորիկ սեղաններից մեկի քով։ Խորշոմած ճակատը մեծ թաշկինակով սրբելով, նայում էր աջ ու ձախ, հպարտ, բայց անհանգիստ նայվածքով։
Ծանոթներ շատ ուներ։ Երբ տեսնում էր նրանց, ներվային շարժումով վեր էր ցատկում տեղից ու մոտենում։ Նստում էր նրանց մոտ առանց կանխապես թույլտվություն խնդրելու, երբեմն առանց բարևելու անգամ։ Սակայն, երբ բարևում էր, ոչ ոք չէր պատասխանում նրա բարևին և ոչ ոք աթոռը չէր շարժում՝ սեղանի քով նրա համար տեղ բանալու։ Բայց նա անվրդով՝ միշտ տեղ էր գտնում, թեկուզ շրջանից դուրս։
Թվում էր, որ այդ մարդն իր ծանոթների աչքում այնքան արժեք ունե, որքան մի ավելորդ աթոռ։ Եվ նա բնավ չէր շփոթվում մարդկանց անուշադիր վարմունքից։ Արտաքուստ ինքն էլ արհամարհանքով էր վերաբերում նրանց։
Անուշադիր էին դեպի նա և սրճարանի սպասուհիները։ Երբ ներս էր մտնում, նրանք նայում էին միմյանց երեսին և հեգնորեն ժպտում։ Երբեմն նույնիսկ ծիծաղում էին այն անպատկառ ծիծաղով, որ հատուկ է հասարակական վայրերի