Պետրովիչի թևը և դուրս է անում նրան հաճախորդների ներկայությամբ։
— Այն օրից խեղճ մարդը, իհարկե, այլևս չի գալիս մեզ մոտ,— շարունակեց սպասուհին։— Երևակայում եմ նրա դրությունը։ Հավատացեք, պարոն, այժմ մենք՝ սպասուհիներս, տխրում ենք առանց Պյոտր Պետրովիչի։ Սովորել էինք ամեն օր նրան տեսնել ու հետը զրույց անել։ Երբեմն նա մեզ համար հետաքրքրական բաներ էր պատմում իր երիտասարդությունից։ Գիտե՞ք, նա հարուստ մարդու որդի է եղել, բոլոր փողերը վատնել է ու թղթախաղում տանուլ տվել։ Նա այնպես լավ գիտե պատմել իր արած քեֆերի մասին, որ մարդ ուզում է անվերջ լսել ու լսել։
— Ընտանիքավո՞ր է Պյոտր Պետրովիչը,— հարցրի ես։
— Իհարկե։
— Զավակներ ունի։
— Երկու աղջիկ, մեկը յոթ, մյուսը ութ տարեկան։ Երևակայեցեք, քանի որ հարուստ է եղել, չի ամուսնացել, հենց որ աղքատացել է, գնացել է վիզը լծի տակ դրել։ Արի ու հասկացիր այդ տեսակ տղամարդկանց։ Ա՛հ, երանի թե Պյոտր Պետրովիչը մի ուոիշ ավելի բարի սրճարանատեր գտներ, մերը շատ վատ մարդ է, շա՛տ։ Միայն տելեֆոն էլ ունենար ձեռքի տակ. ես գիտեմ, Պյոտր Պետրովիչի համար տելեֆոնը նույնն է, ինչ որ ծխախոտը ձեզ համար։ Այո՚, այո, առանց տելեֆոնի Պյոտր Պետրովիչը չի կարող ապրել...
Անցան դարձյալ մի քանի ամիսներ․ ես տակավին չէի հանդիպում Պյոտր Պետրովիչին, նույնիսկ փողոցներում։
Արդեն սկսել էի մոռանալ նրան, երբ մի օր անսպասելի հանդիպեցի... Ահա թե ինչպես...
Իմ բնակած տան ստորին հարկը մի գրեթե գետնափոր խոնավ նկուղ էր։ Ժլատ տանտերը նրան վարձով էր տալիս, որպես բնակարան։ Ոչ ոք չէր վարձում նրան, չնայելով էժանությանը։ Վաղուց արդեն դարբասի վրա կպցրած հայտարարությունն անձրևներից ու արևից խունացել էր, այնպես, որ բառերը դժվարությամբ էին կարդացվում։ Ով գալիս նայում, էր այդ մութ հավաբները, իսկույն ևեթ հեռանում էր՝ առանց