եմ մաշում, դու ինքդ հնավաճառի խանութ ես դարձել, իսկ ապրում ես իշխանների ու միլիոնատերեր անուններով։ Հիմա էլ ասում ես, թե ինչ-որ անգլիացիների, թե բելգիացիների համար պետք է նավթահանքեր գնես։ Ո՛չ, էլ ես քեզ չեմ հավատում, դու գործ կատարող չես։ Եթե դու խելք ունենայիր, հորդ հարստությունը քամուն չէիր տալ կամ գոնե քամուն տալուց հետո հիմարաբար չէիր ամուսնանալ։
— Ի՞նչ անեմ, սիրահարվեցի քեզ վրա, ամուսնացա։
— Լռի՛ր, աստված սիրես, դու ի՞նչ ես, որ սիրահարվես կամ սիրես։
— Ուրեմն դո՛ւ սիրահարվեցիր ինձ վրա,— փորձեց Պյոտր Պետրովիչը վիճաբանությունը կատակի վերածել։
— Հապա, ինչպե՞ս չէ, խելքս կորցրի քեզ համար,— հեգնեց հաղթանդամ կինը,— լա՛վ, կարճ կապիր. քաղաքում մարդ չի մնացել, որից ձեռապարտ չլինես վերցրած։ Մսավաճառներին պարտական, հացթուխներին պարտական, բնակարանատերերին պարտական: Բավակա՛ն է, դու խայտառակեցիր քեզ էլ, ինձ էլ։
— Ուրեմն ի՞նչ ես ուզում ինձնից, այն ասա։
— Ես պահանջում եմ, որ թողնես գոռոզությունդ ու գնաս մեկին ծառայես ինչպես հասարակ գործակատար։
— Ի՞նչ,— կատաղեց Պյոտր Պետրովիչը,— Փեփինյանցը գործակատա՞ր։ Քարերը կբողոքեն դրա դեմ։ Իսկ ի՞նչ կասեն իմ անցյալը ճանաչողները, գիտե՞ս․․․
— Ինչ ուզում են, թող ասեն, միայն թե ընտանիքդ մի կտոր հաց ունենա։
— Ո՛չ, ես ծառայել չեմ կարող, այն էլ գործակատար։
— Դե լավ, մի՛ ծառայի։ Այն ժամանակ ես ինքս կանեմ իմ ուզածը։
— Ի՞նչ կանես։
— Այ, վաղն ևեթ մեր նոր հարևաններին կասեմ, որ ես լվացարարուհի եմ ու կսկսեմ ուրիշների կեղտոտ շորերը լվանալ։
— Դու այդ չե՛ս անի:
— Կանե՛մ։