ԱԼԻՆԱ
I
Այս անգամ իմ կովկասյան վաղեմի բարեկամ բժիշկ Տիգրան Ախուրյանը սովորականից ավելի էր տրամադրված զրույց անելու։
Սրճարանը, ուր մենք նստած էինք, լի էր հաճախորդներով, բայց մենք ունեինք մի անկյուն, որ հեռու էր աղմուկներից ու իրարանցումից։ Բացի այդ, երկուսս էլ վաղուց արդեն ընտելացել էինք Փարիզի փոթորկալի կյանքին և այլևս անուշադիր էինք դեպի այն բոլոր ունայնությունները, որ այնքան շփոթեցնում ու ներվայնացնում են յուրաքանչյուր նորեկի, մանավանդ, երբ այդ նորեկը եվրոպացի չէ։ Գիտեինք առանձնապես լատինական արվարձանի ներկված ու շպարված հյուրիների շինծու ժպիտների։ Հանդուգն քրքիջների և թափանցիկ ակնարկների իսկական արժեքը։ Եվ սիրում էինք նրանց։
— Ալեքսանդր,— ասաց բժիշկը, գարեջրի դատարկ բաժակը հրելով մի կողմ,— ես այսօր տրամադիր եմ գլուխս մի փոքր տաքացնելու։ Կընկերանա՞ս ինձ։
— Հաճույքով,— պատասխանեցի ես, որ նույնպես զգում էի պահանջ մշուշապատ տրամադրությունս մի քիչ զվարթացնելու։
Նա հրամայեց անցնող սպասավորին բերել մեզ համար աբսենտ։