Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/308

Այս էջը հաստատված է

էլ հիվանդացել են ու մեռել։ Ճիշտ այդ միջոցին մեռել է նույն տան վարի հարկում կենող մրգավաճառի միակ զավակը — ինը տարեկան մի սիրուն տղա։ Թե՛ հրեան և թե՛ մրգավաճառը թողել են այդ անբախտ տունը ու տեղափոխվել ուրիշ տեղ։ Վերջապես, հետևյալ աշնանը տան վերին հարկը վարձել է մի վրացի քահանա։

— Այդ այն ժամանակն էր,— շարունակեց տանտիրուհիս,— երբ մենք էլ նոր տեղափոխվել էինք այս բնակարանը։ Ամուսինս դեռ կենդանի էր։ Վրացի քահանան ծեր մարդ չէր, բայց այնքան նիհար էր ու այնքան վտիտ, որ կարծես, եթե փչես, վար կընկնի։ Նա ուներ երեք փոքրիկներ, մեկը մյուսից հազիվ մի տարով մեծ։ Արի տես, որ այդ խեղճ երեխաներն էլ հիվանդացան հաջորդ ձմեռը ու նրանք էլ մեռան՝ մեկը մյուսի ետևից, մի շաբաթվա մեջ։ Ա՜հ, պարոն, երբեք չեմ մոռանալ այդ օրը։ Մենք կարծում էինք, որ քահանան ու իր կինն էլ կխելագարվեն, այնքան դառն էր նրանց վիշտը։ Բայց չխելագարվեցին ու չմեռան էլ։ Օօ՜, չեմ մոռանալ մանավանդ այն օրը, երբ նրանք տեղափոխվում էին այդ տնից։ Ես ահա, այն լուսամուտի մոտ կանգնած, մտիկ էի անում։ Բոլոր հարևանները փողոց էին թափվել։ Երբ տան կահ-կարասին բարձեցին սայլի վրա, վերջացրին, դուրս եկավ քահանան իր կնոջ հետ։ Վշտից էր, թե կատաղությունից երկուսի էլ աչքերը վառվել էին կրակի պես։ Քահանան դողդոջուն ոտքերով իջավ սանդուղքից, կանգնեց փողոցի մեջտեղում, երեսը դարձրեց այդ տանը, աջ ձեռը բարձրացրեց վեր ու բարձր ձայնով արտասանեց.

«Անիծվիս դու, ով չար ոգիների բույն, անիծվի քո տերը, անիծվի քո շինողը։ Անիծում եմ քեզ, թող երբեք, երբեք մարդկային ձայն չլսվի քո պատերի մեջ։ Թող քո տերն էլ թշվառանա, ինչպես ես թշվառացա»։

— Ասում են,— շարունակեց տանտիրուհիս, հառաչելով,— նույն ձմեռն իսկ իշխանի կինը և հինգ զավակներից երկուսը մեռան։ Ահա, պարոն, այդ ժամանակից դես ամայի է այդ տունը և ոչ ոք, ոչ ոք չի ուզում նրան վարձել։ Եվ ով ուզում է վարձել, չգիտենալով, որ տունն անիծված է, ահա այն կոշկակարը նախազգուշացնում է նրան, պատմելով ամեն բան: