Բժիշկ Ախուրյանը հառաչեց և սպասավորին հրամայեց մի-մի բաժին ևս աբսենտ բերել։ Եվ, մի քանի անգամ ծխախոտի ծուխը ուժգին կլանելով, շարունակեց.
— Երեկոյին տանտիրուհիս մտավ սենյակս ու ասաց.
— Դուք գիտեիք, որ անիծյալ տան վերին հարկը վարձել են։
— Գիտեմ։ Ովքե՞ր են վարձողները։
— Չեմ կարող ասել: Կոշկակարի կինը զարմացած է:
Նա ասում է, որ երբ իր ամուսինը այդ բարձրահասակ մարդուն հայտնել է, թե տունն անիծված է, նա ասել է. «Ինձ էլ իսկ և իսկ մի այդպիսի կացարան է հարկավոր»։
Եվ իսկույն վարձել է, առանց գինը սակարկելու։
— Տարօրինակ է, չէ՞,— հարցրի ես։
— Այո, շատ աարօրինակ է։
— Չե՞ք կարող, արդյոք, իմանալ, թե ով է այդ բարձրահասակ տղամարդը։
— Կոշկակարի կինը, երևի, շուտով կտեղեկանա ու ինձ էլ կասե։ Նա ինքն էլ շատ հետաքրքրված է։
Սպասավորը բերեց աբսենտը։ Բժիշկը մի քանի վայրկյան զբաղվեց նրա պատրաստությամբ և, մի փոքր խմելով ասաց.
— Այժմ սկսվում է իմ պատմվածքը։ Բայց թերևս դու արդեն իմ հառաջաբանից ձանձրացել ես։
— Օօ, ոչ, ընդհակառակը, ես պատրաստ եմ լռել քեզ թեկուզ մինչև կեսգիշեր,— գոչեցի ես ամենայն անկեղծությամբ, որովհետև իրավ որ նրա պատմվածին ինձ հետաքրքրել էր։
— Դյուրին չէ ինձ համար պատմել այդ բոլորը, բայց քանի որ սկսել եմ, պիտի ավարտեմ։ Կաշխատեմ չերկարացնել։ Այդպես, ուրեմն, մեռյալ բնակարանը նորեն մեռավ, մի պահ աչքերը բանալուց հետո։ Ամբողջ մի շաբաթ նայում էի փակ լուսամուտներին, սպասելով, որ ահա-ահա պիտի բացվե մեկն ու մեկը նրանցից։ Ոչ մի շարժում, ոչ մի նշան։ Կարծես այդ բարձրահասակ տղամարդը, այդ