հեռացավ լուսամուտից, ինչ-որ կանացի ձեռքեր փակեցին թե՛ ապակյա և թե՛ փայտյա փեղկերը։ Անիծյալ տունը, որ պիտի օրհնվեր այդ վայրկյանից, նորեն կուրացավ։
Տեսարանը կրկնվեց և՛ հետևյալ, և՛ երրորդ, և՛ չորրորդ օրը, գրեթե նույն ժամին և միշտ բարձրահասակ տղամարդը տնից դուրս գալուց հետո։ Եվ ոչ մի անգամ այդ կինը չնայեց իմ կողմը։ Նրա ծովի նման ընդարձակ հայացքը միշտ ուղղված էր դեպի անորոշ տարածություն։ Թվում էր, որ նրա մտքերը հեռու են, շատ հեռու ոչ միայն շրջակայքից, այլև այս աշխարհից։
Այդ պահից արդեն ես հանգստությունից, քնից, ախորժակից։ Ես կորցրի իմ վաղ երիտասարդական զվարթությունը, մոռացա իմ գրքերը, համալսարանը, ընկերներիս, ծնողներիս անգամ, ամենքին ու ամեն ինչ։
Միակ առարկան իմ խոհերի ու երագների դարձավ այդ խորհրդավոր էակը։ Անկողնից վեր կենալով ես առավոտները վազում էի դեպի լուսամուտ, նստում այնտեղ ժամանակից շատ առաջ և հայացքս ձգում անիծյալ տան լուսամուտներին։ Անիծյալ։ Ոչ, այլևս ինձ համար նա անիծյալ չէր, այլևս ես էի, որ անիծում էի նրա անիծողին։
Մի քանի օր լուսամուտը չբացվեց։ Ես տանջվում էի կատարելապես։ Ինչո՞ւ, ի՛նչ իրավունքով— չէի մտածում։ Գլուխս չէր գործում։ Զգում էի միայն, որ իմ վարմունքը տղայական է, անմիտ, անհաշիվ, որ ծիծաղելի է այդպես հանկարծակի հափշտակվել մի էակով, որի վայրկենական հայացքին չէի արժացանել տակավին և որի ձայնի մի հնչյունն անգամ չէի լսել։ Ես նմանվում էի այն մոլեռանդ հավատացյալին, որի հոգեկան աչքերի առջև մի վայրկյան բաց էին արել վարագույրի ծայրը, ցույց տվել դրախտը և իսկույն վարագույրն իջեցրել։ Նա տանջվում է և կատաղում, առանց մտածելու — արժանի՞ էր, արդյոք, այդ դրախտը վայելելու։
Սքանչելի պատկերը դարձել էր ինձ համար մի անխուսափելի ու անխորտակելի ուրվական, որ հալածում էր ինձ ցերեկն արթուն, գիշերը՝ երազումս։ Թվում էր ինձ, որ ես ընկել եմ մի ոսկե օղակի մեջ և զգում էի, որ այդ օղակն