Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/316

Այս էջը հաստատված է

պես սիրահարվել էի մի կնոջ վրա, որի ով և ինչ լինելը տակավին չգիտեի և որի հետ մի բառ անգամ չէի փոխանակել։

Եվ այսպես, ինքս իմ մեջ ամփոփված տառապում էի լուռ, անտրտունջ և անհաշիվ։

— Ի՞նչ է պատահել ձեզ, որ միշտ նստած եք տանը,—հարցնում էր տանտիրուհիս, այդ բարի կինը։

— Զբաղված եմ, դասեր եմ պատրաստում, ասում են համալսարանը շուտով բացվելու է,— ստում էի անամոթաբար ես, որ չէի էլ մտածում ուսման մասին։

Նույն պատասխանն էի տալիս և՛ իմ ընկերներին ու ծանոթներին, երբ պատահում էր, որ սենյակիցս դուրս էի գալիս որևէ ստիպողական գործով։

III

Իսկ նա ամեն օր երևում էր լուսամուտի առջև սև զգեստով և միշտ մի դեղին վարդ կրծքի վրա։

Մի անգամ ես չկարողացա զսպել ինձ և բարևեցի նրան գլխի թեթև շարժումով, երբ նրա հայացքին հանդիպեցի։ Ոչ մի պատասխան և ոչ մի նշան գոհունակության կամ դժկամության այդ փղոսկրի գույն ունեցող դեմքի վրա, այդ երկնագույն աչքերի մեջ։ Նա միայն նայում էր ինձ իր անշարժ, պաղ հայացքով և, կարծես, չէր տեսնում։

Ես զղջացի հանդգնությանս համար, նախատելով ինքս ինձ, և ամոթահար հեռացա լուսամուտից։ Միևնույն ժամանակ զգացի ինձ չափազանց վիրավորված այնպես, ինչպես կարող էր վիրավորվել իմ հասակի մի պատանի մի կնոջ անուշադրությունից։

Նստած էի գրասեղանիս քով և աշխատում էի զբաղվել որևէ բանով, գրելով, կարդալով, իմ տխմար զգացումները գեթ մի քանի վայրկյան մոռանալու համար։ Ես չէի կարողանում։ Գրիչս չէր շարժվում գրելու, բառերը կարդալիս խառնվում էին իրարու՝ մրջյունների պես։

Հանկարծ լսեցի դաշնամուրի ձայն։ Նայեցի դեմուդեմ։ Նա չկար լուսամուտի մոտ։ Պարզ էր, որ նվագողը նա է,