երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ։ Ի՜նչ էր նվագում—չգիտեմ։ Ամբողջ եղանակը բաղկացած էր երեք անփոփոխ նոտաներից, որ կրկնվում էին մի անգամ բարձր, մյուս անգամ ցածր։ Հիվանդոտ, ներվային, սիրտ մորմոքող նոտաներ, որ այնուհետև կրկնվում էին ամեն օր մի քանի անգամ։ Այսօր էլ հիշում եմ այդ նոտաները և միշտ պիտի հիշեմ, մինչև մահ։ Իմ մեջ հղացավ մի չար կասկած, որ վայրկենաբար տակնուվրա արավ իմ էությունը։ Այդպես չեն նվագում առողջ մարդիկ — լինեն վարպետներ, թե աշակերտներ։ Այդ երեք անփոփոխ նոտաների մեջ կա ինչ-որ անձկություն, անբացատրելի, անըմբռնելի թախիծ հիվանդ հոգու։
Մի օր տանտիրուհիս, եռող սամովարը դնելով սեղանիս վրա, կանգ առավ և, ձեռքերը կրծքի վրա խաչաձև միացնելով, նայեց ինձ մայրական կշտամբանքով։
— Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ, Պոլինա Նիկոլաևնա,— հարցրի ես ժպտալով։
— Մի՞թե փոխվել եմ։
— Շատ, դուք անճանաչելի եք դարձել։ Մենակ ես չեմ ասողը, իմ երեխաներն էլ ու հարևաններն էլ նկատել են։
— Բայց ես առողջ եմ, Պոլինա Նիկոլաևնա, բոլորովին առողջ։ Կամենաք, ես մի ձեռով ձեզ կբարձրացնեմ։
Եվ, իրավ, ես պատրաստ էի նրան գրկել ու բարձրացնել, այնքան համակրելի էր, այնքան մայրական այդ կնոջ հայացքը։
— Տա աստված, որ ես սխալվեմ,— ասաց նա հառաչելով,— պահպանեցեք ձեզ ձեր ծնողների համար։
Որպեսզի խոսակցության նյութը փոխեմ, հարցրի.
— Ի՞նչ նորություն կա մեր հարևանության մեջ։
— Նորությունն այն է, որ կոշկակարի կինը գավթապահից իմացել է ովքեր են մեր դեմուդեմի հարևանները։
Ինձ էլ այդ էր հարկավոր։
— Այո՞,— արտասանեցի ես, ձևանալով անտարբեր։
— Այո։
— Ովքե՞ր են։
— Մարդ ու կին, ամուսիններ։